ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները չպետք է հակասեն ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը. Էդուարդ Շարմազանով.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոզնան քաղաքում ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն աշխատանքային քննարկում է ունեցել Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Բելառուս համագործակցության հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ: Քննարկման օրակարգում են եղել խորհրդարանական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համատեղ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող աշխատանքային հարցեր:

Էդուարդ Շարմազանովը գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասները, ադրբեջանական իշխանությունների հանցավոր ոտնձգությունները, դրանց հետեւանքները:
Խոսելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների մասին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն այսպես է ձեւակերպել. «ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները որեւէ կերպ չեն կարող հակասել ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը, ինչը, ցավոք, վերջին օրերին նկատվում է մի քանի երկրներում»:

Կողմերը մանրամասն քննարկել են նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր:




Լրահոս