Արձակագիր Հրաչյա Սարիբեկյանը դեռեւս 2008-ին արցախյան պատերազմի թեմայով վեպ է գրել, որը պետք է վերջերս հրատարակվեր, սակայն, հաշվի առնելով օրերս ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը, կասեցրել է դրա թողարկումը: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը` գրողը: Վեպը կոչվում է «Ապուշների ուղեւորությունը»:
«Մեզ մոտ սովոր են պատերազմի մասին ռեալիստական վեպերին, բայց իմ այս ստեղծագործությունը լի է աբսուրդի տարրերով եւ պայմանականություններով: Այն կառուցված է մի դրվագի վրա, որտեղ նկարագրվում է հայ եւ ադրբեջանցի հոգեկան հիվանդների փոխանակաման գործընթացը: Վեպում շատ ցավալի պահեր կան, այն գրված է սեւ հումորով, իսկ քանի որ այս օրերին հասարակությունն առավել քան զգայուն է դարձել, նպատակահարմար չէ այն ներկայացնել ընթեցողների դատին»,-մեկնաբանեց նա:
Գրողը խոստովանեց, որ ինքը, ինչպես շատերը, անգամ երկրի ղեկավարները, ունեցել է այն պատրանքը, թե պատերազմն արդեն ետեւում է. «Մենք այդ պատրանքով ապրել ենք շուրջ 20 տարի, եւ այս վերջին դեպքերը լուրջ ապտակ էին, դրանք հիշեցրին, որ պատերազմը շարունակվում է»,-նկատեց նա:
Հ. Սարիբեկյանի վեպում կա մի ադրբեջանցի հերոս, որն անընդհատ հայտնվում է հայ հոգեկան հիվանդներից մեկի մղձավանջներում: Այս ադրբեջանցին տարված է կոմունիստական գաղափարներով. «Սա խորհրդայինը խորհրդանշող կերպար է, որը հետապնդում է մեզ: Վեպում նկարագրվում է նաեւ խորհրդային կարգերի այն ապուշությունը, որը 70 տարիների ընթացքում վերցրել էինք մեզ, եւ որից հարկավոր է ազատվել»,-բացատրեց գրողը:
Նրա խոսքով` ինքը` որպես հեղինակ, պատերազմի նկարագրության ժամանակ ազգայինի հարցում կողմնապահություն չի դրել. «Պատերազմը պատերազմ է, անողոք, անմարդկային մսաղաց, մի հաստոց, որի համար նշանակություն չունի, թե ինքն ինչ կամ ում է «սղոցում»: Բայց ես հասկացա, որ այս պահին մենք ազգային պատերազմ ենք մղում, եւ հարկավոր է վերացարկվել պատերազմը որպես ապամարդկային երեւույթ ընկալելու միտումից»,-շեշտեց արձակագիրը:
Նա պատերազմը դիտարկում է նաեւ որպես քրիստոնեական եւ մահմեդական աշխարհների բախում. «Այն դաժանությունները, որ կատարվեցին, միայն իսլամիստը, մահմեդականը կարող էր անել: Դա նաեւ պայքար էր քրիստոնեության դեմ: Կուզենայի` Եվրոպան էլ ընկալեր դա, այնինչ՝ վերջինս հակառակորդ կողմերին ներկայացնում է որպես երկու շատ նման կովկասյան ժողովուրդներ, որոնք կոմպլեքս ունեն, ատում են իրար»,-ասաց նա:
Հ. Սարիբեկյանը հավելեց նաեւ, որ պատերազմում հաղթողն էլ, պարտվողն էլ, ի վերջո, տուժած է դուրս գալիս, քանի որ հակամարտող կողմերը թե՛ տնտեսապես ու սոցիալապես, թե՛ մշակութային եւ այլ առումներով հետաձգում են իրենց զարգացման գործընթացը:
Աննա Բաբաջանյան