Իրանը ցանկանում է միջամտել Ղարաբաղյան կոնֆլիկտին. «Վզգլյադ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Ադրբեջանի բանակը կրկին խախտել է հրադադարի ռեժիմն ու փորձել դիվերսիոն հարձակում կատարել Լեռնային Ղարաբաղում, սակայն ետ է շպրտվել: Այդ ֆոնին՝ ակտիվացել են կոնֆլիկտին՝ Իրանի միջամտության մասին խոսակցությունները, որը պատրաստ է իր վրա վերցնել Անդրկովկասում անկախ արբիտրի դերը, գրում է ռուսական «Վզգլյադ» պարբերականը:

Պարբերականը գրում է, որ մի շարք ռուս փորձագետներ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը սկզբնապես կապում էին Մոսկվայի և Անկարայի միջև կոնֆլիկտի հետ:

«Թուրքիան կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրվեն»,-դեռևս նոյեմբերի վերջին հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Առավել քիչ ուշադրության արժանացավ Իրանի դիրքորոշումը, ով, հասնելով միջազգային պատժամիջոցների չեղարկմանը, ցուցադրում է իր առավել մասշտաբային տնտեսական և քաղաքական ամբիցիաները:

«Ռուս-թուրքական կոնֆլիկտի սկզբից հետո Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից երկրներից Իրանը միակ պետությունն էր, որը շահագրգիռ բոլոր կողմերի կողմից ընդունվեց որպես պայմանական չեզոք»,-գրում է պարբերականը:

«Իրանի համար Հայաստանը հեռանկարային առևտրային գործընկեր է, չնայած այդ երկրների միջև առևտրաշրջանառությունն այդքան մեծ չէ: Անցած տարի այն կազմել է 276 միլիոն դոլար: Սակայն աճի պոտենցիալը մեծ է: Ընդ որում, Իրանը վաղուց է Հայաստանին որպես կրտսեր գործընկեր դիտարկում: Իրանի հաշվին Հայաստանում սկսվեց մի շարք լուրջ ներդրողական ծրագրերի իրականացումը: Օրինակ, Արաքս գետի ափին երկու ՀԷԿ-երի կառուցումը: Բացի այդ, Հայաստանը ցածր գների և ալկոհոլի ազատ առևտրի համար դարձել է իրանցի զբոսաշրջիկների հայտնի ուղղությունը. տարեկան Հայաստան են մեկնում 130 հազար իրանցի»,-հավելում է «Վզգլյադ»-ը:

Դեռևս հունվարին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ: Նման հայտարարությամբ կոնֆլիկտի սրացումից հետո հանդես եկավ նաև Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեգհանը: Ընդ որում, ադրբեջանական աղբյուրները նշում են, որ Թեհրանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:




Լրահոս