Գերի ընկած զինվորի հարազատները ԿԽՄԿ գրասենյակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ծնողներն ու հարազատները հավաքվել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակի դիմաց և պահանջում են քայլեր ձեռնարկել, որ Բաքվի գրասենյակի աշխատակիցները նրան այցելեն հնարավորինս շուտ և հետևողականորեն ամեն ինչ արվի, որ զինծառայողը վերադառնա հայրենիք:
Զինծառայողի հայրը` Գևորգ Ինջիղուլյանը, PanARMENIAN .Net ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երեկ հրապարակված “հարցազրույցին”, որը զինվորը տվել էր ադրբեջանական ANS հեռուստաալիքին, ասաց. “Դա ադրբեջանցիների կազմակերպած շոուն էր, իմ դաստիարակած տղան չէր կարող նման բաներ ասել: Նրան հաստատ ճնշումների են ենթարկել: Հակոբը լավ ծառայող զինվոր էր, ինքը հրամանատարությունից էր գոհ, հրամանատարությունն` իրենից: Ոչ մի կոնֆլիկտ չի եղել, նույնիսկ շնորհակալագրեր են ուղարկել տուն, արձակուրդ են տվել երկու անգամ”:
Հակոբի հայրը հավելեց, որ ԿԽՄԿ-ից պահանջում է հնարավորինս արագացնել ձեռնարկվելիք քայլերն ու այցելել Հակոբին, արագ հետ վերադարձնել նրան: “Հակոբը հիմա ուղղակի ուրիշ երկրի տարածքում չէ, նա հակառակորդի, թշնամու ձեռքում է”,- ընդգծեց նա:
“Ես միայն պահանջում եմ, որ ԿԽՄԿ աշխատակիցները որքան հնարավոր է շուտ այցելեն Հակոբիս: Որ երեխաս իմանա, որ իրենով հետաքրքրվողներ կան, որ ինքը մենակ չի: Ու խնդրում եմ, ինչքան հնարավոր է շուտ նրան հետ բերեն: Ես իմ Հակոբին եմ ուզում”,- ասաց Հակոբի մայրը` Գայանե Ինջիղուլյանը:
panarmenian .net




Լրահոս