Ապրիլի 15-ին՝ երեկոյան, հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան վրա նռնակ է նետվել: Այդ մասին ժամը 18.25-ի սահմաններում ահազանգ ստացած ոստիկանության աշխատակիցները, շտապելով դեպքի վայր, պայթյունի լուրջ հետեւանքներ չեն արձանագրել: Մոսկվայից միջադեպին արձագանքած Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն էլ կատարվածը որակել է որպես «ուռճացված աղմուկ, անհեթեթ միջադեպ»:
Իսկ քննչական կոմիտեն կատարվածի մասին հայտնում է միայն, որ Հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ըստ պաշտոնական նախնական տվյալների՝ առերևույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվել դեպքի վայրի զննություն, հարցաքննվել բազմաթիվ վկաներ։ Պարզվել է ավտոմեքենայի մակնիշն ու գույնը։
Կատարվածից հետո կարծիքներ պտտվեցին, թե կատարվածը շոու էր՝ կազմակերպված հենց Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Այս կարծիքը, սակայն, չի կիսում ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: Նրա խոսքով՝ դա Ռոբերտ Քոչարյանի ձեռագիրը չէ. նման չէ նրան. «Դա ավելի շատ մաֆիոզ ստրուկտուրաների ձեռագրին է նման»,- հավելեց ԱԱԾ նախկին փոխնախարարը:
Վերջինիս վերլուծության համաձայն՝ առաջնահերթ կարևոր է՝ որտեղ է ընկել նռնակը, որ մասում է հայտնվել: Մեր հարցին՝ ինչ եզրակացության կարելի է հանգել այն բանից, որ նռնակն ուսումնական է եղել, Գուրգեն Եղիազարյանը մեկնաբանեց. «Կարևորն այն է` որտեղ է ընկել նռնակը: Ուսումնական նռնակով ինչ պետք է ապացուցեին: Ուսումնական նռնակը ճիշտ և ճիշտ խաղալիք է: Դրանով ի՞նչ պետք է ապացուցեին: Ուղղակի ես չեմ հավատում, որ դա Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված ինչ-որ բան է: Դա նրան նման չէ»:
Գ. Եղիազարյանը հավելեց, որ իրեն կցկտուր տեղեկություններ, որոշակի հանգամանքներ են հասել. «Ռոբերտ Քոչարյանը որտեղ բնակվում է, այդ տարածքին բավականին ծանոթ եմ: Նախկինում դա եղել է Ներքին գործերի նախարարության տնտեսական ստորաբաժանման կառույցը: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մոտավորապես 2-3 հա տարածք է, միգանակում այդ տարածքում նռնակի օգտագործումը: Եթե այդ նռնակն օգտագործվել է, աստված մի արասցե, որովհետև Ռոբերտ Քոչարյանը թոռներ ունի, երևի թե երեխաներ կան տանը, օգտագործվել է բավականին տան մոտ, հետևաբար կարելի է դասել որպես ահաբեկչություն: Եթե օգտագործվել է այդ 2-3 հեկտարի մի անկյունում, հետևաբար կարելի է դասել դա որպես զգուշացում: Իսկ ո՞վ է նման կերպ զգուշացնում, նման կերպ զգուշացնում են մաֆիոս ստրուկտուրաները, նրանք են այդ կերպ զգուշացնում, դա նրանց ձեռագիրն է»:
Գուրգեն Եղիազարյանի դիտարկումները հավելելով` պետք է նկատել նաև, որ այս միջադեպը բազում հարցերի տեղիք է տալիս: Նախ պետք է հասկանալ` ում էր պետք նռնակ նետել Քոչարյանի տան վրա այն դեպքում, երբ հայտնի էր, որ նա գտնվում է Մոսկվայում: Ամենաշատ քննարկված և տեղին վարկածն այս պարագայում այն է, որ հանցագործի և նրա պատվիրատուների նպատակը եղել է ոչ թե իսկապես վնաս հասցնելը, այլ աղմուկ բարձրացնելն ու երկրի ներսում իրավիճակի ապակայունացումը:
Սպասենք, տեսնենք…
Տաթև Հարությունյան