ՊՈՒՏԻՆԻ ԵՐԵՍԸ ՏԵՍՆԵԼ ՉԻ ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեւական ժամանակ ոչ մի կերպ չէր ցանկանում ընդունել Սերժ Սարգսյանին: Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Սերժ Սարգսյանն անգամ ժամեր շարունակ Պուտինի մերձքաղաքային առանձնատներից մեկի ընդունարանում սպասելուց հետո էլ չէր արժանացել Պուտինի ընդունելությանը: Սակայն պարզվում է, որ ամենազոր Պուտինը եւս կարող է նման վերաբերմունքի արժանանալ: Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել Վլ. Պուտինի հետ հաջորդ ամիս կայանալիք հանդիպումը: Թեեւ Օբաման կայցելի Ռուսաստան` Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Մեծ քսանյակի տնտեսական գագաթնաժողովին, սակայն դրանից հետո նրա` Մոսկվա նախատեսված այցը չի կայանա: Իսկ պատճառն ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու՝ Ռուսաստանի որոշումն է: Այն, ըստ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսի, լարվածություն է առաջացրել երկկողմ հարաբերություններում: Այնպես որ, Ս. Սարգսյանը կարող է իրեն սփոփված զգալ:




Լրահոս