Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի որոշմամբ փոխվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը. այսուհետ Ռոբերտ Բրադկեի փոխարեն ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ-ը ներկայացնելու է Ջեյմս Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահի փոփոխությունը պատահական չէ: Սեպտեմբերից Ուորլիքը կստանձնի իր նոր պաշտոնը: Իսկ արդեն հոկտեմբերի կեսերից` Ադրբեջանում կայանալիք նախագահի ընտրություններից հետո, հավանական է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը թեւակոխի նոր փուլ: Ասել է թե՝ առաջիկայում նոր գործընթացներ են սպասվում: Թե որքանով դրանք մեզ համար կպսակվեն հաջողությամբ, այլ հարց է:
Տեսակետ կա, որ այս նշանակմամբ ԱՄՆ-ը նախեւառաջ փորձում է նոր դեմքերով նոր գաղափարներ ու նոր թափ հաղորդել արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: Առավել եւս, որ, «Ազատություն» ռ/կ-ի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ուորլիքի նշանակման կապակցությամբ հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների` հունիսի 18-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք նշել էին, թե կողմերը պետք է նոր եռանդով կենտրոնանան դեռեւս չլուծված խնդիրների վրա, եւ ղեկավարները պետք է պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Իսկ այնուհետեւ ԱՄՆ պետքարտուղարը, «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, հատուկ ընդգծել էր. «Դեսպան Ուորլիքին բնորոշ են իմաստնությունը, փորձառությունն ու առողջ դատելու կարողությունը»:
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի անձը եւս վկայում է, որ ԱՄՆ-ը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում փորձելու է վարել նոր քաղաքականություն: Ինչպես հայտնի է, Ուորլիքը եղել է Մոսկվայում ԱՄՆ գլխավոր հյուպատոս: Նա՝ որպես դեսպան, աշխատել է Բուլղարիայում եւ պաշտոնավարման ընթացքում աչքի ընկել այնտեղ ռուսական ազդեցության թուլացմանն ուղղված ջանքերով: Ուորլիքը ծառայել է Պետդեպարտամենտում` որպես Եվրոպական անվտանգության եւ քաղաքական հարցերով բյուրոյի տնօրեն: Ընդ որում, ընդգծենք, որ անվտանգության ոլորտին առնչվող դիվանագիտական պաշտոններում պատահական մարդիկ չեն նշանակվում: Բացի այդ, Ուորլիքը տեւական ժամանակ աշխատել է մահմեդական երկրներում` Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ նա եղել է նաեւ գլխավոր բանակցողը Աֆղանստանի հետ երկկողմ անվտանգության համաձայնագրի մշակման ու ստորագրման բանակցություններում:
Ասել է թե՝ Ուորլիքը մահմեդական երկրներում աշխատանքի եւ նրանց հետ շփման մեծ փորձ ունի: Եվ հիմա ամերիկացի համանախագահն իր փորձը կարող է օգտագործել ԼՂ խնդրում, հատկապես Ադրբեջանի հետ բանակցելիս: Առավել եւս, երբ վերջին շրջանում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ե՛ւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների, ե՛ւ հենց համանախագահների` տարածած հայտարարություններում հիմնական պահանջները ենթատեքստերով ներկայացվել են Ադրբեջանին: Ավելին, հայկական կողմը ԼՂ խնդրի մասին խոսելիս մշտապես պնդել է, որ համաձայն է Մադրիդյան սկզբունքներին, բայց գործընթացն առաջ չի գնում Ադրբեջանի ներկայացրած ոչ կառուցողական մոտեցման հետեւանքով:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. վերլուծաբաններից շատերը պնդում են, որ այսպես առաջիկայում ԼՂ խնդրում կմեծանա իսլամական երկրների գործոնը, եւ չի բացառվում, որ նրանք էլ իրենց հերթին ԱՄՆ-ի «դաբրոյով» փորձեն միջամտել հակամարտության կարգավորման գործընթացին: Սա` աշխարհաքաղաքական մեծ գործընթացների համատեքստում:
Իսկ մինչ այդ, պատահական չէ, որ Թուրքիան փորձում է ամեն գնով խցկվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մեջ` իր ճանապարհին օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները: Մյուս կողմից Իրանը բազմիցս հայտարարել է, թե ինքը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել ԼՂ խնդրի լուծմանը: Թե ինչի կարող է հանգեցնել ԼՂ խնդրում իսլամական երկրների գործոնի ակտիվացումը, խոսակցության այլ թեմա է:
ԱՄՆ-Ն ՓՈԽԵՑ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ