ԵՐԵԽԱՅԻՆ ՎԱՃԱՌՈՂԻ ԸՆՏԱՆԻՔՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 5-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 15 հազար ԱՄՆ դոլարով սեփական երեխային` 4-ամյա Ռիմային, վաճառելու անհաջող փորձ արած Սերինեն ապրում է Լոռու մարզի Մեդովկա գյուղում եւ արդեն երկու օր է՝ նրանց ընտանիքը գյուղից «անհետացել է»: Այս մասին «Ժողովուրդ»-ին ասաց Մեդովկայի ղեկավար Սամվել Ավետիսյանը, որը Սերինեին այսպես բնորոշեց. «Նա անգամ ունակ է շաբաթվա մեջ 6 անգամ ամուսնանալ»:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ նշված օրը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի մոտից ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները երեխայի առքուվաճառք կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աննային, 52-ամյա Գեղեցիկին, 28-ամյա Սերինեին, Վանաձորի համալիրի մոտից` 40-ամյա Նարեկ Սարգսյանին եւ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հանրախանութի մոտից՝ 58-ամյա Արշալույս Հարությունյանին, որոնք, համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացուհի 33-ամյա Ալլայի հետ, պայմանավորվել են 15.000 դոլարով վերջինիս վաճառել անչափահաս 4-ամյա Ռիմային:
Պայմանավորվածության համաձայն՝ օգոստոսի 5-ին Գեղեցիկը երեխայի վաճառքի համար Ալլայից պահանջել եւ ստացել է 7.000 դոլար, իսկ մնացած 8.000 դոլարը, ըստ նախնական պայմանավորվածության, Ալլան Գեղեցիկին պետք է հանձներ մի քանի օրվա ընթացքում: Իսկ թե երբ պետք է երեխան հանձնվեր «նոր ծնողներին», ոստիկանության հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում:
Տեղեկացնենք, որ բերման ենթարկված Արշալույս Հարությունյանը Վանաձորի մանկատան տնօրենն է, իսկ Նարեկ Սարգսյանը՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետը, որոնք, ըստ էության, պետք է ապահովեին երեխայի «հանձնման արարողության» անվտանգ իրականացումը:
Նախ փորձենք հասկանալ, թե ինչ կարգով է հնարավոր մեր երկրում կատարել երեխայի որդեգրում:
Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսդրության՝ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ-ում երեխաների որդեգրումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ հնարավորություն չկա այդ երեխաներին ՀՀ-ի տարածքում մշտապես ապրող ՀՀ քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու: Ի վերջո, որդեգրումը կատարում է դատարանը՝ երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմումով: Իսկ երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի քննությունը դատարանը կատարում է հատուկ վարույթի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով: Երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության լիազորած մարմնի եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության եւ որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի եւ որդեգրողի անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ:
Համաձայն նույն օրենքի` երեխային որդեգրելու համար նրա ծնողների համաձայնությունը չի պահանջվում միան այն դեպքերում, երբ նրանք անհայտ են կամ դատարանը ճանաչել է անհայտ բացակայող, անգործունակ կամ նրանց զրկել է ծնողական իրավունքներից:
Հիմա դառնանք կոնկրետ դեպքին. ըստ մանկատան տնօրեն Ա. Հարությունյանի՝ «4-ամյա Ռիման Վանաձորի մանկատուն է ընդունվել սույն թվականի հուլիսի 22-ին ոստիկանության Տաշիրի բաժնի միջնորդությամբ: Միջնորդություն է տվել նաեւ Լոռու մարզպետարանը երեխայի ժամանակավոր խնամքը մանկատանը կազմակերպելու վերաբերյալ: Մանկատունը տեղավորել է երեխային եւ իրականացրել խնամք: Արդեն օգոստոսի 2-ին նրա մայրը ներկայացել է մանկատուն եւ խնդրել երեխայի ծննդյան վկայականը: Իսկ մինչ օգոստոսի 2-ը, երբ չկար այդ երեխայի մոր հրաժարականի դիմումը, մենք չէինք կարող նրա տվյալները ուղղարկել մարզպետարան, որն էլ իր հերթին՝ նախարարություն, որպեսզի Ռիմային հաշվառեին որպես որդեգրմանը ենթակա երեխա»: Այսինքն՝ տնօրենը փորձում է ապացուցել, որ իրենք իրավունք էլ չունեին երեխայի որդեգրում իրականացնել: Իսկ թե ինչ է արել նրա մայրը դրսում, ում հետ ինչի շուրջ է պայմանավորվել, երեխայի խնամքով զբաղվող կառույցի ղեկավարին չի հետաքրքրում, նա իրեն այս գործում անմեղ է համարում, թեեւ իր անձնական իրերն ու փաստաթղթերը ոստիկանությունում են:
Տնօրենի տեղեկացմամբ՝ Ռիմայի մայրը՝ Սերինեն, նույն մանկատանը եւս երկու երեխա է ունեցել, որոնց մինչ այդ դեպքը դուրս է հանել մանկատնից, սակայն մեկը մահացել է. «Մենք անգամ չգիտենք՝ Սերինեն միայնակ մայր է, թե զագսավորված: Այդ հարցումն ուղարկել ենք ու մինչեւ հիմա պատասխան չունենք»:
Այսպիսով՝ ստացվում է, որ երեխայի վաճառք իրականացնելու փորձ արած մարդիկ ցանկացել են այնպես անել, որ գործը չհասնի դատական ատյանների քննությանը, եւ «հարցերը լուծվեն» «ներքին կարգով»: Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ ձերբակալվել են միանգամայն այլ մարդիկ: Իսկ երեխայի մայրը՝ Սերինեն, դեռ շարունակում է մնալ ազատության մեջ:
Երեկ փորձեցինք Սերինեից ճշտել, թե ինչն է իրեն դրդել վաճառել երեխային: Սակայն պարզեցինք, որ Մեդովկա գյուղի բնակչուհու գտնվելու վայրն անհայտ է: Համայնքի ղեկավար Սամվել Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Սերինեն ունի հաշմանդամ ծնողներ, եւ արդեն երկու օր է, ինչ նրանք գյուղից անհետացել են. «Նրա քույրն ապրում է Վրաստանում, իսկ եղբայրները՝ Ռուսաստանում»: Գյուղապետը տարակուսեց, որ մինչ այժմ Սերինեն ձերբակալված չէ. «Նա ունի 3, թե 4 ամուսին: Մի շաբաթ մեկի հետ է ապրում, մի շաբաթ՝ մյուսի, ու հետո էն մյուսն է գալիս իր մոտ: Մի խոսքով, անհասկանալի վիճակ»:
Հուսանք, որ այս առեղծվածային պատմության ողջ կծիկը կբացահայտվի, եւ իրական մեղավորները կպատժվեն:
Հ.Գ Ըստ «Առաջին լրատվական»-ի` 52-ամյա Գեղեցիկը 2009թ. երեխայի առքուվաճառքի համար դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման եւ 2011-ին պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել: Փաստորեն, չի ուղղվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս