ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՍԻՄՊԱՏԻԱՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի անձնագրային ծառայության ղեկավար Գարիկ Երանոսյանն իր մասնագիտական պարտականությունները թերի է կատարում: Նա աշխատում է սիմպատիաներով:
Օգոստոսի 6-ին Վարդենիսի Այրք համայնքի բնակիչ Սեդա Վարդանյանն ամուսնու հետ միասին գնացել է Վարդենիսի անձնագրային ծառայություն, որպեսզի անձնագիրը փոխի եւ գա մայրաքաղաք՝ վիրահատության, սակայն անձնագրային ծառայության ղեկավար Գարիկ Երանոսյանը հրաժարվել է իրականացնել իր պարտականությունները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա ասել է. «Ես չեմ փոխելու անձնագիրը: Ես ձեր գյուղապետի հետ խնդիր ունեմ, մերն անձնական հարց է: Եթե ուզում ես՝ անձնագիրդ փոխեմ, դա կանեմ մեկ պայմանով, եթե Այրք գյուղի գրանցումից դուրս գաք»:
«Ժողովուրդ»-ն ահազանգը ստանալուց անմիջապես հետո կապվեց ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Սարգիս Մուրադխանյանի հետ՝ նրան տեղեկացնելու իր ենթակայի վարքի մասին: Վերջինս, չգիտես ինչու, ի սկզբանե բացառեց, որ կարող է նման բան լինել: «Նման բան չի կարող լինել: Նա գլուխը քարովն է տվել, քարն էլ՝ գլխով: Ո՞նց նման բան կանի»,-ասաց Մուրադխանյանը՝ խնդրելով խոսել փաստերով: Երբ կոնկրետ օրինակ բերեցինք, նա մի փոքր ավելի ուշ զանգահարեց եւ ասաց, թե բնակիչը ստում է: «Նա գնացել է, ասել է՝ ուզում եմ գրանցումից դուրս գամ, իրեն էլ ասել են՝ գնա՛, դո՛ւրս արի»,-պատասխանեց Մուրադխանյանը, ում ականջներից, ամենայն հավանականությամբ, այդ «լապշան կախել էր» Գ. Երանոսյանը: Եվ «օվիրի պետը» նույն «լապշան փորձում էր կախել» նաեւ «Ժողովուրդ»-ի ականջներից, բայց չստացվեց, քանի որ հարգարժան ոստիկանին բացատրեցինք, որ, ի տարբերություն իրեն, «Ժողովուրդ» օրաթերթն անպատժելիության ու պետության հաշվին սեփական գործերն առաջ տանողների դեմ աչք չի փակի:
Եվ որպեսզի հասկանալի լինի, թե ինչն է եղել Գ. Երանոսյանի նման վարքագծի պատճառը, տեղեկացնենք, որ նա Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանի որդին է: Ու ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը Այրք, Վերին եւ Ներքին Շորժա համայնքների ղեկավարներին տեղեկացրել է, որ առաջիկա տարիներին, հնարավոր է, այդ համայնքները խոշորացման շրջանակներում միավորվեն՝ դառնալով մեկ համայնք: Ու հիմա այդ 3 գյուղերի ղեկավարների միջեւ իսկական թշնամանք է հասունացել: Հայաստանի պետական ատյաններն էլ, փոխանակ քայլեր ձեռնարկեն՝ փոխելու իրավիճակը եւ կանխելու սպասվող վատ հետեւանքները, փաստորեն, մի օղակի՝ ոստիկանության միջոցով գյուղամիջյան թշնամանքի նոր ալիք են բարձրացնում:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս