Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ աշխատակիցների համբերության բաժակն արդեն լցվել է: Բանն այն է, որ նրանք ամիսներով, մի քանիսը նույնիսկ տարիներով աշխատավարձ չեն ստացել: Օգոստոսի 6-ին նրանք հավաքվել են ընկերության բակում՝ պահանջով՝ վճարել տարիներով կուտակված աշխատավարձի պարտքերը: Իրենց աշխատավարձերը պահանջող տղամարդկանցից շատերը տան միակ աշխատողն են, որոնք ամիսներով տուն փող չեն տարել եւ գոյատեւել են խանութներից պարտքով ապրանք վերցնելով. «Պարտքով գազել նստելը չգիտեինք ինչ էր` իմացանք, ողորմություն չենք ուզում, մեր աշխատած փողերն ենք ուզում»:
«Մեզ աշխատավարձ չեն տալիս, 6-8 ամիս պարտք են: Էսօր մարդիկ կան, որ թոշակով մի կերպ յոլա են գնում: Եթե փողերը չեք տալու, ինչի՞ եք աշխատեցնում: Ինձ 480.000 դրամ են պարտք: 2011-ից՝ 2 ամիս, 2012-ից՝ 3-4 ամիս: Էս տարվանից էլ պարտք կա: Եթե գործ չկա, ասե՛ք` գնացե՛ք ձեր տները, բայց գալիս ենք, մի օր գործ ա լինում, մի օր չի լինում»,-ասաց ավտոկռունկավար Արմենակ Սարգսյանը, որը 9 տարի է՝ աշխատում է ընկերությունում:
Նույն ընկերությունում փականագործ Գագիկ Հարությունյանի աշխատավարձը 100.000 դրամ է, աշխատավարձի պարտքը՝ 400.000 դրամ: Նշանակում է՝ 4 ամիս նա տուն ոչ մի կոպեկ փող չի տարել: Սրան էլ ավելացրած ապրանքների օրեցօր աճող գները: Նա խոստովանեց, որ նույնիսկ ընտանիքի հացի խնդիրը չի կարողանում լուծել: Բողոքողների մեջ կային աշխատողներ, որոնց աշխատավարձի պարտքը կազմում էր մինչեւ 800.000 դրամ. «Ասում են` էսա կտան, մյուս շաբաթ կտան, ու ռսի «պոսլե զավտրան» սրանց մոտ ամիսներ ա ու տարիներ»:
Չնայած դժգոհություններին՝ աշխատակիցներն ուզում են, որ գործարանն աշխատի: Ընկերության՝ մի ժամանակ արտադրած պարարտանյութի որակի մասին մինչեւ հիմա հիշում են. «Ժամանակին վրացին իրա պարարտանյութը ծախում էր ուրիշների վրա, ինքը գալիս էր, մերն առնում, տանում: Հիմա մեր գյուղացին գնում, մղկտում ա, ճապոնական, պարսկական, վրացական պարարտանյութ ա առնում բերում թանկ գնով, բայց օգուտը շատ քիչ ա: Զավոդը պետք ա աշխատի, որ կարենանք ապրենք ստեղ, ա՛յ եթե զավոդը կարգին աշխատեր ու կարողանայինք պարարտանյութի արտադրանք տալ…»:
Վանաձորի «Քիմպրոմ»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովի խոսքով` գործարանն արտադրանք չի տալիս եւ 1 մլրդ-ից ավելի գազի, էլեկտրաէներգիայի պարտք եւ չվճարած հարկեր ունի: Աշխատակիցների հետ խոսելուց հետո նա լրագրողներին տեղեկացրեց, որ պատրաստվում է վարկ վերցնել եւ վճարել աշխատավարձերի մի մասը, իսկ մնացած մասի վերաբերյալ կշարունակի «բանակցել» աշխատողների հետ:
Լոռի