Վայելե՛ք ամառվա վերջին օրերը, շտապե՛ք հանգստի, եթե դեռ չեք հասցրել: Ճամպրուկներն են հավաքում հեռուստամեկնաբան ՎԱՐԴԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, երաժիշտ ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ու գեղեցկուհի ԻՐԻՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ:
Հեռուստամեկնաբան ՎԱՐԴԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ Երեւանում էր մինչեւ օգոստոսի սկիզբը, սակայն նշեց, որ ցանկություն ունի ընտանիքի հետ որեւէ տեղ հանգստի գնալ:
-Սովորաբար ինչպե՞ս են անցնում Ձեր ամառները:
-Մեկնումներ տարբեր ուղղություններով լինում են, պարզապես ժամանակս չի ներում, որ ավելի շատ ընտանիքիս հետ մի տեղ գնամ: Փորձում եմ երեխաներիս հետ ժամանակ անցկացնել, հագենալ նրանցից, որովհետեւ օրվա ընթացքում շատ քիչ ենք միասին լինում:
-Ո՞ւր եք պլանավորում մեկնել:
-Այս տարի երեւի կհանգստանանք Հայաստանում՝ չնայած դեռ չգիտեմ, թե երեխաները որտեղ կուզեն:
-Բայց Հայաստանի հանգստյան տներում էլ քիչ գումար չեք ծախսելու:
-Ավելի շատ, քան դրսում, այդ ամենը շատ լավ գիտակցում եմ, եթե դուրս ուզեն, գուցե նաեւ իրենց հետ այդ հարցում համամիտ լինեմ:
-Որքա՞ն եք նախատեսել ծախսել:
-Նայած` ուր կգնանք:
Երաժիշտ ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ նշեց, որ այս տարի ինքը, հավանաբար, չի հանգստանա, քանի որ ստուդիայի վերակառուցման աշխատանքների մեջ է: Հնարավոր է՝ մեկ շաբաթով մեկնի Ֆրանսիա այնտեղից տեխնիկա բերելու նպատակով:
-Հուսով եմ` շուտով կմեկնեմ: Այս տարի նոր տեղ ենք տեղափոխվել, շինարարություն ենք անում, շատ տարբեր խնդիրներ կան լուծելու, որոնք չեն թողնի, որ մենք գնանք հանգստի: Բավական լուրջ ներդրումներ ենք արել, բայց ակուստիկան ամենաբարդ հարցն է, ձայնագրման ստուդիաների վերանորոգման խնդիրներ ունենք:
-Ընտանիքով հաճա՞խ եք հանգստանում:
-Չի ստացվում, որ ամբողջ ընտանիքով գնանք հանգստի, բայց երեխաներս ամռանը կամ էլ ձմեռվա տոներին անպայման Եվրոպա են գնում: Ես ու տիկինս էլ ինչ-որ կերպ փորձում ենք մեզ համար ազատ ժամանակ գտնել:
-Որտե՞ղ եք սիրում մեկնել:
-Գերադասում ենք Եվրոպա մեկնել, շատ երկրներում ենք եղել, բայց շատ եմ սիրում Ֆրանսիան, առավելապես հարավային մասը: Այնտեղ ունեմ ընկերներ: Անցած տարի չգնացինք հանգստանալու, որովհետեւ մեր տղան ամուսնացավ, մեր ամբողջ ամառը նվիրեցինք այդ ծիսակատարությանը:
ԻՐԻՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ հանգստի սիրահար է, նա պարտադիր է համարում տարվա մեջ գոնե երկու անգամ՝ ամառ, ձմեռ, առօրյայից կտրվելն ու լիարժեք հանգստանալը: Բայց քանի որ այս տարի նա կրկին մայր է դարձել, այս պահին փոքրիկին ոչ մեկի մոտ թողնել չի ցանկանում, դրա համար էլ ամուսնու հետ որոշել են քիչ ուշ մեկնել հանգստի:
-Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ես եւ ամուսինս երկուսով կմեկնենք հանգստանալու, բայց կարճ ժամանակահատվածով, որովհետեւ փոքրիկիս էստեղ եմ թողնելու: Հանգիստը շատ կարեւոր նախապայման է: Ինձ համար շատ կարեւոր է հետաքրքիր բաներ տեսնելը, յուրահատուկ երկրներում լինելը: Իսկ երբ հոգնած եմ լինում, առաջին հերթին պլանավորում եմ ծով գնալ:
-Ո՞ր երկրներն եք նախընտրում:
-Ամեն երկիր իր յուրահատկությունն ունի, օրինակ՝ Անգլիայում երկար ժամանակ եմ բնակվել, շատ մանրամասն եմ ճանաչում, Լոնդոնը ինձ համար յուրահատուկ է: Նույնը կարող եմ ասել Փարիզի եւ Իտալիայի որոշ քաղաքների մասին:
-Ի՞նչն եք առաջինը վերցնում Ձեզ հետ հանգստի մեկնելիս:
-Եթե ծովափ եմ մեկնում, առաջինը վերցնում եմ լողազգեստս, քսուքները, գլխարկը, ակնոցը… եւ ամենակարեւորը՝ ֆոտոխցիկ, քանի որ հիմա ես ավելի շատ ազատ ժամանակ ունեմ ու սկսել եմ լուսանկարչությամբ ավելի լուրջ զբաղվել:
-Որքա՞ն եք ծախսում հանգստի համար:
-Երկար եմ փնտրում, որ անիմաստ ավել գումար չվատնեմ: Կան կայքեր, որոնցով կարող եմ ինքս ամրագրել հյուրանոցներ: Եթե մի բան ես կարող եմ ինքս ամրագրել, ինչո՞ւ դիմեմ տուրիստական գործակալություն: Շրջագայելիս ընտրում ենք ոչ թանկ հյուրանոց, որովհետեւ այնտեղ համարյա թե ժամանակ չենք անցկացնում:
-Ո՞րն է եղել Ձեր ամենատպավորիչ, ուրախ հանգիստը:
-Անցած ամառ էր, ընտանիքով մեկնել էինք Եվրոպա՝ մի քանի երկիր, ու այդ երկրներում մի քանի քաղաքներ, այնքան լավ է անցել այդ ամբողջ շրջագայությունը: Դուստրս՝ Մեգին, այնքան էր մեծացել, որ իրեն էլ շատ հետաքրքիր էր: Այդ ընթացքում ես նաեւ սպասում էի փոքրիկիս, դրա համար անցյալ տարվա հանգիստը լրիվ ուրիշ էր: