ՍԱՊԾ պետն այցելել է ձկնաբուծարաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում գործող մի շարք տնտեսավարող սուբյեկտներում իրականացվում են անասնահամաճարակային մշտադիտարկումներ՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան և ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանությունը պարզելու նպատակով:

Ծառայության պետ Արմեն Հայրապետյանն օրերս շրջայց է կատարել Արմավիրի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի խեցգետնի արտադրությամբ զբաղվող 11 ընկերություններում՝ մշտադիտարկման ընթացքին տեղում ծանոթանալու ու հնարավոր խախտումների ու թերացումների շտկմանն աջակցելու նպատակով:

ՍԱՊԾ ղեկավարը նաև տնտեսավարողների հետ քննարկել է արտադրությանն ու արտահանմանը, մակնշմանն ու փաթեթավորման ամբողջականությանն  առնչվող հարցեր՝ կարևորելով անվտանգության նորմերի, ինչպես նաև տեխնոլոգիական հրահանգների պահպանումը:

Տնտեսավարողներին ներկայացվել են նաև Հայաստանի Հանրապետությունում, ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական և անասնաբուժասանիտարական նորմերն ու պահանջները: Նշվել է, որ այսօրինակ մշտադիտարկումներն ուշադրության առանցքում կպահեն  իրացվող և արտահանվող խեցգետնի  որակն ու անվտանգությունը, ինչը կնպաստի առանց խոչընդոտների հայկական խեցգետինն արտահանել ԵՄ և ԵԱՏՄ տարածք:




Լրահոս