Ինչով է զբաղված բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ակտիվ քննարկվում է հարցը, թե հայրենի պաշտոնյաներն ինչպե՞ս են կարողացել հարստանալ եւ ինչու են նրանք չհիմնավորված աղբյուրներից եկամուտ ստանում: Ինչպես հայտնի է՝ 2012 թվականին Հայաստանում ձեւավորվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որը զբաղվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերի ռեեստրի վարման, դրանց վերլուծության, հրապարակման, ինչպես նաեւ, օրենքով սահմանված դեպքերում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման եւ էթիկայի կանոնների խախտումների բացահայտման հարցերով: Սակայն 4 տարիների ընթացքում հայրենի իրականության մեջ ոչինչ չի փոխվել: Ձախ եկամուտներով հարստացող պաշտոնյաները շարունակում են նույն լկտիությամբ պաշտոնավարել:

-Հետեւե՞լ եք՝ քանի պաշտոնյա է իր եկամուտները չհիմնավորված աղբյուրներից ներկայացրել,– «Ժողովուրդ»-ը այս հարցն ուղղեց հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խուդավերդյանին:

– Աղբյուրների հավաստիության ստուգման տեսանկյունից անհրաժեշտ է ունենալ ռիսկային իրավիճակ, երբ պաշտոնյայի հայտարարագրված գույքային ձեռքբերումները գերազանցում են նրա եկամուտները եւ դրամական միջոցների կամ խնայողությունների աճը: Գործող համակարգը հնարավորություն չի տալիս տեսնել այս անհամապատասխան ռիսկերը, քանի որ հայտարարագրերը չեն պարունակում պաշտոնատար անձի` օրինակ՝ անչափահաս զավակների գույքն ու դրամական միջոցները, ինչպես նաեւ պաշտոնյայի հետ համատեղ ապրող ծնողները եւ չափահաս ու չամուսնացած զավակները դրամական միջոցները ընդհանրապես չեն հայտարարագրում, իսկ գույքի ձեռքբերման ու օտարման գործարքները հայտարարագրվում են որոշակի արժեքային շեմերը գերազանցելու պայմաններում: Օրինակ՝ անշարժ գույքի մասով վերջիններս, ըստ օրենքի, հայտարարագրում են միայն այն գործարքները, որոնց արժեքը գերազանցում է 50 մլն ՀՀ դրամը: Այս պայմաններում եկամուտների հիմնավորվածության հավաստիության ստուգման գործընթացը դառնում է ոչ արդյունավետ: Այդ իսկ պատճառով պետք է փոխվի գործող հայտարարագրման համակարգը:

– Հանձնաժողովի առաքելությունը երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է: Ինչքանո՞վ է դա Ձեզ հաջողվել:

-Որպես գնահատման մեթոդ կարող ենք օգտվել, օրինակ, միջազգային հակակոռուպցիոն մասնագիտացված կառույցների զեկույցներից՝ ԳՐԵԿՈ, ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանց, որտեղ հանձնաժողովին աշխատանքը գնահատված են դրական եւ միաժամանակ ներկայացված են նոր առաջարկություններ՝ ուղղված հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Որպես հանձնաժողովի գործունեության գնահատման մեթոդ կարելի է կիրառել նաեւ ունեցած լիազորությունների եւ ռեսուրսների (աշխատակազմի բացակայություն) շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները: Բնականաբար, չի կարելի ասել, թե փայլուն աշխատանք է իրականացվել, բայց վատ չենք աշխատել, եւ դեռ անելիքներ կան:

-Կարող ե՞ք ներկայացնել հանձնաժողովի ուշադրության կենտրոնում հայտնված 10 պաշտոնյաների անունները, որոնք թերացել են իրենց եկամուտները հայտարարագրելու հարցում:

-Հայտարարագիր չներկայացնող ոչ մի պաշտոնյա դուրս չի մնում հանձնաժողովի և քաղաքացիական հասարակության ուշադրությունից: 2014թ.-ից հանձնաժողովը անցում կատարեց հայտարարագրերի լրացման ու ներկայացման էլեկտրոնային համակարգին, որով պարզեցվեց ու առավել մատչելի դարձվեց, ինչպես նաեւ արագացվեց հայտարարագրերի լրացման գործընթացն ու ներկայացման կարգը: Հայտարարագրերի չներկայացման, ուշ ներկայացման, հայտարարագրի լրացման ուղեցույցի պահանջների խախտումներով լրացված հայտարարագրերի տվյալների հիման վրա համակարգը հնարավորություն է ներկայացնելու համապատասխան պաշտոնյաների ցուցակները: Հանձնաժողովը միշտ էլ հետամուտ է եղել եւ սկսած հայտարարագրերի լրացման գործընթացի սկզբից ծանուցող նամակներ է առաքում բարձրաստիճան բոլոր պաշտոնատար անձանց՝ հիշեցնելով օրենսդրորեն սահմանված պարտականության մասին:

-Օրինակ՝ հատուկ քննչական ծառայության եւ քննչական կոմիտեի ղեկավար կազմի հայտարարագրերը չկան կայքում, ինչո՞ւ: Ինչո՞վ են արտոնյալ նրանք:

-Հանրային ծառայության մասին օրենքի 5-րդ հոդվածի 15-րդ կետը կոնկրետ պաշտոններով սահմանում է այն անձանց, ովքեր հանդիսանում են բարձրաստիճան պաշտոնյաներ: Անկեղծ ասած, դա մեր իրավասությունը չէ, մենք չենք կարող որոշել՝ ում ներառել: Մենք այն հանձնաժողովն ենք, որը իրականացնում է օրենքների դրույթները: Իհարկե, հակակոռուպցիոն ռազմավարության մեջ կա նման կետ, որտեղ խոսվում է հայտարարատուների շրջանակի հստակեցման խնդրի մասին, եւ կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից միգուցե հետագայում արծարծվի այն հարցը, որով օրենքը կտարածվի ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների, այլեւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող այլ պաշտոնների վրա:

-Ինչո՞ւ է հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը աչքի ընկնում պասիվությամբ: Նա անգամ խուսափում է լրագրողների հետ շփվել, օրինակ՝ մեզ հետ խուսափեց հանդիպել՝ Ձեզ առաջարկելով՝ որպես զրուցակից: Ինչի՞ց է նա կաշկանդվում:

-Կարծում եմ՝ նման խնդիր չկա, որովհետեւ վերջերս մեկ այլ լրատվամիջոցին ենք հարցազրույց տվել: Վաղը, մյուս օրն էլ մեկ այլ հանձնաժողովի անդամ կներկայանա: Չեմ կարող ասել՝ խուսափել է, թե ոչ, չնայած կասկածում եմ, բայց եթե իմ պարզաբանումները չեն բավարարում, կարող ենք խնդրել, որ նույն հարցերով տիկին Սահակյանն էլ պատասխանի:

Զրուցեց Սյուզի Մուրադյանը




Լրահոս