Զինծառայողների ընտանիքներին օգնելը պետության պարտքն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 6-ին Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել: Ըստ վարչապետի՝ այն համակարգում է այդ ընտանիքներին օգնության հատկացման գործընթացը: Սակայն այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ, թե ստեղծված աշխատանքային խումբը կոնկրետ ինչ է արել ընտանիքներին օգնելու նպատակով:

«Չեմ կարծում, թե Հայաստանում կամ Սփյուռքում կան մարդիկ, որոնք չէին ուզի աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին: ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցածն աննախադեպ էր, եւ դա եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանը, Ղարաբաղը եւ Սփյուռքը միավորվում են դժվար պահին: Դա ակնհայտ դարձավ նաեւ մեր, այսպես կոչված, «բարեկամների» համար: Ակնհայտ է, որ մենք օգնել ենք, օգնում ենք եւ կօգնենք այդ ընտանիքներին»,- խոստացավ վարչապետը՝ ապրիլի 6-ին ՀՀ ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ:

Իսկ արդյոք մեր գործող օրենսդրությունը նախատեսել է նման իրավիճակների համար լուծումներ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանի կարծիքով՝ այսօրվա օրենսդրությունը պատրաստ է այս իրավիճակին: Մասնագետի ներկայացմամբ` մահացած, զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող պետական (դրամական) աջակցությունը բաժանվում է երկու մասի՝ միանվագ եւ պարբերական: Ի դեպ, օրենսդրության համաձայն՝ միանվագ աջակցությունը տրամադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

«Այն տրվում է ընտանիքի անդամին զոհվելու փաստի հիման վրա, գերեզմանի հատկացման, պահպանման ծախսերի համար: Դրանց չափը վաղուց սահմանվել է կառավարության 778 որոշմամբ. օրենսդրության համաձայն, հայրենիքը պաշտպանելիս կամ հատուկ առաջադրանքներ կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում նշանակվում է 2 մլն դրամ միանվագ գումար: Հուղարկավորության հետ կապված ծախսերի համար տրվում է 700 հազար դրամ, եւս 1 մլն 400 հազար դրամ հատկացվում է գերեզմանների բարեկարգման համար»,- ներկայացրեց վարչության պետը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ կերակրողին կորցնելու դեպքում զինկենսաթոշակ է նշանակվում նաեւ ամուսնուն մինչեւ երեխայի 14 տարին լրանալը, եթե վերջինս նրա հետ հաշվառված է նույն հասցեում եւ չի աշխատում: «Այսինքն՝ կենսաթոշակ նշանակելու հիմքում գաղափար է դրվում կերակրող կորցրե՞լ են, թե՞ ոչ: Նշեմ, որ նշանակվող կենսաթոշակի չափը տարբեր է: Նվազագույն չափը 24 հազար դրամ է, սահմանված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային զինծառայողների համար: Մնացած դեպքերում կենսաթոշակի չափը պայմանավորված է զոհված զինծառայողի զբաղեցրած պաշտոնով»,-բացատրեց մասնագետը:

Ենթադրենք՝ զոհված զինծառայողն ունի 10 տարեկան երեխա, մայրը չի աշխատում: Առանձին կենսաթոշակ կնշանակվի երեխային՝ մինչեւ նրա 18 տարեկան դառնալը, եւ մորը՝ մինչեւ երեխայի 14 տարեկան դառնալը: Նրանց առանձին-առանձին կնշանակվի նաեւ պարգեւավճար: Ի դեպ, դրանց չափերը նույնպես տարբեր են: Պարգեւավճար կնշանակվի նաեւ ընտանիքին` 30 հազար դրամի չափով: Իսկ եթե երեխան ունի հաշմանդամություն եւ ստանում է հաշմանդամության նպաստ, ապա պարգեւավճարի չափն ավելանում է: Տիկին Գալստյանից տեղեկացանք նաեւ, որ այս բոլորը պարբերական վճարումներ են, եւ մինչեւ իրավունքի դադարումը նրանք ամեն ամիս կարող են ստանալ ե՛ւ կենսաթոշակը, ե՛ւ պարգեւավճարը: Նշենք, որ կենսաթոշակ ստանալու համար պետք է դիմի զոհված զինծառայողի ընտանիքի անդամը:

Ի դեպ, վարչության պետ Անահիտ Գալստյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախում զոհված զինծառայողների եւ ազատամարտիկների ընտանիքներին օգնելու հարցով ձեւավորված աշխատանքային խումբը ներկայումս տվյալների հավաքագրման եւ մշակման ուղղությամբ աշխատանքներ է տանում, որոնց արդյունքները կհրապարակվեն: Նշենք, որ աշխատանքային խումբը կոնկրետ դեպքերը քննարկելու համար է ստեղծվել:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ եւ հետաքրքրվեց, թե կառավարությունը կոնկրետ ինչ ծախսեր կարող է կրճատել եւ դրա հաշվին բարձրացնել զոհված զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքներին տրվող կենսաթոշակները:

«Կառավարության համար որեւէ դժվարություն չի ներկայացնում միջոցներ գտնել զոհված զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքներին օգնելու հարցում: Պետական կառույցներ կան, որոնք այնքան անարդյունավետ ծախսեր են թույլ տալիս: Օրինակ՝ հատուկ քննչական կոմիտեի կոմունալ ծախսերը, Երեւանի քաղաքապետարանի կողմից գնված աղբամանները, նստարանները: Ուղղակի պետք է նախ իրենց մոլուցքը, ճոխությունները վերացնել: Սովորական քաղաքացիները նման դեպքերում կրճատում են իրենց ծախսերը: Եւ պետական կառույցների կողմից անարդյունավետ ծախսերը կրճատելու դեպքում բյուջեում հաստատ լարվածություն չի առաջանա»,- նկատեց տնտեսագետը: Վ. Խաչատրյանի կարծիքով, այս հարցը պետք է արտահերթ օրակարգ մտնի եւ լուծվի. «Եւ պետությունը պետք է համարի պատիվ, որ ինչ-որ ձեւով կարող է այդ ընտանիքներին օգնել»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս