Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է. Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ–ում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամվել Ֆարմանյանը ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում քննադատել է  ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինուժի սանձազերծած հարձակման ժամանակ նրա կողմնակալ հայտարարության համար:

«Գրեթե երկու ամիս է անցել Վեհաժողովի վերջին նիստից: Եվ մենք այստեղ քննարկում ենք, թե ինչ է արվել այս ժամանակահատվածում: Ակնհայտորեն մեր արժեքները կոպտորեն և ցինիկաբար հարձակման են ենթարկվել, առաջինը Եվրոպայի ամենասրտում՝ Բրյուսելի արյունալի ահաբեկչական հարձակումների ժամանակ, և հետո մեր մայրցամաքի հարավարևելյան ծայրում՝ Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ խախտելով միջազգային մարդասիրական օրենքը և իրականացնելով պատերազմական հանցագործություններ: Թույլ տվեք իմ ցավակցությունը հայտնել զոհերի ընտանիքներին»,- ասել է Սամվել Ֆարմանյանը ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում:

«Աշխատանքային ընթացքի մասին զեկույցը վերաբերում է  տխրահռչակ քննարկումներից մեկին, որ մենք ունեցել ենք այստեղ հունվարին: Թույլ տվեք հիշել, պարո՛ն նախագահ, որ Ռոբերտ Վալտերի և Միլիցա Մարկովիչի հակասական զեկույցների դեմ հանդես եկած ձայները հիմնված են եղել այն ենթադրության վրա, որ ցանկացած փորձ ընդունելու անհիմն և միակողմանի բանաձևեր կամ միջազգային իրավունքի սկզբունքների ցանկացած ընտրողական կիրառում միայն կվնասի խաղաղ կարգավորման գործընթացին և Ադրբեջանի բռնակալական իշխանությունների համար կծառայի որպես պատրվակ լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու համար՝ խափանելով խաղաղ կարգավորման գործընթացը և սպառնալով Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում փխրուն կայունությանը:

Մտահոգությունները բարձրաձայնելով մենք ենթադրում էինք դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների նման զարգացումը և դժբախտաբար, մեր մտահոգությունները  դարձան վատ կանխատեսում, որն արժեցավ հակամարտության երկու կողմերից հարյուրավոր անմեղ կյանքեր:

Աշխատանքային ընթացի մասին այս զեկույցը քննարկելիս մենք չենք կարող չանդրադառնալ այս ողբերգությանը առնչվող ջանքերին, որոնք գործադրել են կամ ավելի շուտ սխալ կերպով գործադրել են Վեհաժողովի մշտական մարմինները: Ադրբեջանի ղեկավարությանը բազմիցս հստակ ուղերձ է հղվել սրացման ամենասկզբից ի վեր, որ հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա, և որ պատերազմը ընդունելի տարբերակ չէ:

Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի նախագահները, տասնյակ այլ երկրների ղեկավարներ և հարյուրավոր արտգործնախարարներ, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարներ, ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, տասնյակ այլ միջազգային կազմակերպություններ իրենց ձայնը և հեղինակությունն օգտագործեցին նախագահ Ալիևին՝ ռազմական ագրեսիան դադարեցնելու միանշանակ և առանց փոխզիջման ուղերձը հղելու համար:

Մինչ միջազգային հանրության ուժեղ և միաձայն ուղերձը Ալիևին խաղաղության հույսի պատուհան էր իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար՝ պարոն Ագրամունտի անպատասխանատու հռետորաբանությունը հակասության մեջ դրեց մեր Վեհաժողովը միջազգային հանրության հետ՝ այս անգամ ոչ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների չափերի մասին անտեղյակությամբ, բայց բացառիկ կերպով վտանգավոր հայտարարությամբ, որն ակնհայտորեն բռնում էր Ադրբեջանի կողմը այդ չափազանց անկայուն իրավիճակում:

Դժբախտաբար, պարոն Ագրամունտի հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատեց նրա անկողմնակալությունը որպես Վեհաժողովի նախագահ և լրատվամիջոցներին առիթ տվեց հաղորդելու Ադրբեջանի լոբբինգի կառույցներում իր ենթադրյալ ներգրավվածության մասին՝ լրջորեն վնասելով միլիոնավոր եվրոպացիների և մեր Ժողովրդավարության տան բոլոր անդամների աչքերում Վեհաժողովի հեղինակությունը»,- ասել է Ֆարմանյանն իր ելույթում:




Լրահոս