ՀՀ ՊՆ-ն մտահոգված է Կարմիր Խաչի` Ինջիղուլյանի չայցելելու խնդրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից: ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակը մինչ օրս որևէ հնարավորություն չի ունեցել այցելել ադրբեջանական գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն, ինչը նման մանդատ և հեղինակություն վայելող կազմակերպության դեպքում մենք առնվազն մտահոգիչ ենք համարում:
Ավելին, տեղեկացնում ենք, որ “haqqin.az” կայքում տեղադրվել և հետագայում համացանցով տարածվել է ՀՀ քաղաքացի Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի՝ ադրբեջանական լրատվական գործակալությանը տված “հարցազրույցի” տեսանյութը (www.haqqin.az/news/8462): Նշված տեսանյութում, ինչպես օգոստոսի 13-ին տրված իր հարցազրույցում ցինիկաբար նշել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը ներկայացել է ադրբեջանական զինվորական համազգեստով, “որպեսզի զգա հայկական և ադրբեջանական համազգեստների տարբերությունը”` նպատակ ունենալով բարոյահոգեբանական ճնշում գործադրել նրա վրա և վիրավորել արժանապատվությունը:
Դրա հետևանքով խախտվել են Ժնևյան կոնվենցիաների մի շարք դրույթներ:
Մասնավորապես, Ժնևի երրորդ կոնվենցիայի 13-րդ հոդվածը ամրագրում է, որ ռազմագերիները ,պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից, հատկապես բռնության կամ ահաբեկման ամեն տեսակի գործողություններից, վիրավորանքից և հանրային հետաքրքրությունիցե: Հետևաբար, գերության մեջ պահող պետության լիազորված մարմինները պետք է զերծ մնան պահպանության տակ գտնվող անձին լրատվամիջոցների ուշադրությանը ենթարկելուց և կանխեն այնպիսի պատկերների հրապարակումները կամ տեսաշարերի հեռարձակումները, որտեղ տվյալ անձը կարող է անհատապես ճանաչվել: 
Բացի այդ, Ժնևյան երրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ գերեվարվածները ոչ մի դեպքում չպետք է պարտադրված լինեն կրելու գերության մեջ պահող պետության զինվորական համազգեստը, եթե դրա կրումը համարում են իրենց պատվի դեմ ուղղված քայլ (www.icrc.org/ihl/COM/375-590034?OpenDocument):
Ժնևյան երրորդ կոնվենցիայի 7-րդ հոդվածում ամրագրված է, որ պահպանության տակ գտնվող անձինք “…ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նրանց համար երաշխավորվում են սույն Կոնվենցիայով…”:
ԿԽՄԿ-ն հայկական իշխանություններին տեղեկացրել է, որ իրենց Բաքվի գրասենյակը գերության մեջ պահող պետության հետ երկխոսության միջոցով շարունակում է ջանքեր գործադրել Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին այցելելու ուղղությամբ: Հուսանք, որ ԿԽՄԿ ջանքերը հաջողությամբ կպսակվեն, և կկանխվեն անցանկանալի հետևանքները: ՀՀ քաղաքացիներ Գոռ Մանասարյանի և Մանվել Սարիբեկյանի մահվան վրդովվեցուցիչ դեպքերը, ովքեր 2008 և 2010թթ. գերեվարվել և սպանվել էին գերության մեջ պահող պետության պաշտպանության տակ գտնվելու ընթացքում, որոնց ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այդպես էլ չեն կարողացել այցելել և որոնց սպանության կազմակերպիչները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել՝ ողբերգական նախադեպեր են: Նմանօրինակ հանցագործությունները պետք է դատապարտվեն և կանխարգելվեն բոլոր հնարավոր միջոցներով:
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովն իր մտահոգությունն է արտահայտում ստեղծված իրավիճակի շուրջ և կոչ է անում ԿԽՄԿ-ին ակտիվացնել Հակոբ Ինջիղուլյանին այցելելու ջանքերը:
Կրկին կոչ է արվում ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ չնայած ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, այնուամենաայնիվ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան: 




Լրահոս