Քիչ առաջ Հրազդանում Արամ Դանիելյանի թիմակիցները հարձակվել են Սասուն Միքայելյանի թիմակիցների վրա. նրանց միջև բախումներ են տեղի ունեցել: ArmLur.am-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Միքայելյանին պատկանող, սակայն չգործող ռեստորանի մոտ, որտեղ հավաքույթ էր տեղի ունենում` Միքայելյանի թիմակիցներին շնորհակալություն հայտնելու համար:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխանցում է, որ հավաքույթը սկսվելուց շատ չանցած Դանիելյանի մի խումբ թիմակիցներ երեկույթից փողոց են հրավիրել Միքայելյանի թիմի անդամներից մի քանիսին և տասը մեքենայից կազմված հրոսակախմբով հարձակվել նրանց վրա:
«Լուրը, իհարկե, շատ արագ հասավ տեղ եւ խնջույքի մոտ հարյուր մասնակիցները դուրս թափվեցին: Եթե այսպես չլիներ՝ հետեւանքները կլինեին շատ ծանր: Հարձակվողներն, ըստ ամենայնի, տեղյակ չեն եղել, որ տվյալ վայրում հարյուրից ավել մարդ կա: Նրանք եղել են հարբած վիճակում: Հարձակվել են հետևյալ խոսքերով. «Ինչի չգիտե՞ք, որ մենք փող բաժնող ենք. փող բաժանողներին բան եք ասու՞մ»: Դեպքի վայրում եղել է նաև Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի եղբոր ավտոմեքենան», – փոխանցում է Փաշինյանը:
Հավելենք, որ ներկայումս միջադեպի վայրում են գտնվում Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները` մարզային վարչության պետի գլխավորությամբ: