«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարիներ շարունակ հայ հանրությանը թվացել է, թե մեր երկրին սպառնացող հիմնական վտանգը մեր հարեւան թշնամի պետությունն է, որը մշտապես սպառնում է մեզ: Սակայն այսօրվա իրողությունը ցույց է տալիս, որ արտաքին թշնամուց մենք կարողանում ենք պաշտպանվել, քանի որ մեր զավակներն իրենց կյանքն են զոհում: Բայց կա մարդկանց մի խումբ, որը պատրաստ է այդ նույն զինվորներին, նրանց ընտանիքներին նսեմացնել` զրկելով ապագայի նկատմամբ հույսից: Ավելին՝ նրանք դա անում են նաեւ այս ճակատագրական օրերին, երբ իրականում քաղաքացիներին հուսահատության տանելու ո՛չ ժամանակ եւ ո՛չ էլ ռեսուրս այլեւս չունենք:
Այս կիրակի Հրազդանում եւ Թալինում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ, որոնցում, ըստ տեղացիների, գործող ՀՀԿ-ական քաղաքապետերի հաղթանակն ապահովելու համար տոտալ ընտրակաշառք է բաժանվել: Նկարում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանն է, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը (բուլկի Արամ), ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Առաջին երեքին կիրակի օրը լրագրողները տեսագրել են Հրազդանում, եւ ըստ լուրերի՝ հենց նրանք են եղել այդ քաղաքի ընտրակեղծարարների հրամանատարները: Իսկ ինչ վերաբերվում է Կամո Արեյանին, նա էլ Թալին է «գործուղված» եղել նույն նպատակով, որ հանկարծ ընտրողները չհամարձակվեն ինքնուրույն ընտրություն կատարել:
Այսինքն՝ կյանքը կրկին անգամ ապացուցում է, որ ընտրակեղծարարը՝ սկսած հրահանգներ տվող բարձրաստիճան պաշտոնյայից, վերջացրած թաղային խուժանով, որը զբաղվում է ընտրողներին տեղերում ընտրակաշառք բաժանելով եւ նրանց տեղամասեր «բերման ենթարկելով», անհայրենիք, անբարոյական եւ մարդկային բոլոր որակներից զուրկ արարածներ են: Ժամանակն է, որ ընտրակեղծարարը, ընտրակաշառք բաժանողը նույնականացվեն հայհոյանքի հետ: Այսինքն՝ եթե որեւէ մեկին ցանկանում ես ամենավերջին հայհոյանքը տալ, ապա նրան կարող ես ասել, որ դու ընտրակեղծարար ես կամ ընտրակաշառք բաժանող, եւ դրանով ամեն ինչ ասված է:
«Չկա հրեշ, որ կարողանար գերազանցել անհայրենասերին, որը հոգեբանորեն անտարբեր է դեպի երկիրն ու ժողովուրդը». Գարեգին Նժդեհ»:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում