ՊԵՏԱԿԱՆ ԹԱԼԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչ այսօր կատարվում է Երեւանում, ցույց է տալիս անձամբ Սերժ Սարգսյանի եւ նրա ղեկավարած իշխանական բուրգի ծայրահեղ ցինիզմն ու արհամարհանքը օրեցօր աղքատացող ժողովրդի ու հետզհետե դատարկվող մեր հայրենիքի նկատմամբ: Մինչ երկրում աղետալի տեմպերով թանկանում են սպառողական ապրանքները, էներգակիրները եւ առհասարակ ամեն ինչ` հանգեցնելով բնակչության էլ ավելի աղքատացմանը եւ հանրության էլ ավելի հուսալքմանը, Սերժ Սարգսյանը, թքած ունենալով բոլորի վրա, մայրաքաղաքի փողոցները տալիս է իր մանկության ընկերոջը, որպեսզի վերջինս դրանցից փող քամի եւ էլ ավելի հարստանա քաղաքացիների հաշվին: Դա այլ բան, քան երկրի նախագահի մակարդակով հովանավորվող թալան, դժվար է որակել: Արդեն բազմիցս ասվել է, որ վճարովի ավտոկայանատեղիների մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը նախ` հակասում է ՀՀ օրենսդրությանը, ապա եւ` մարդկային տարրական բարոյականությանը: Այդ ո՞ր իրավունքով է Ս. Սարգսյանը որոշել իր մտերիմ ընկերոջ տնօրինմանը հանձնել հանրային տարածք համարվող եւ ՀՀ քաղաքացիների մուծած հարկերի հաշվին ասֆալտապատված փողոցները: Ի՞նչ է, Երեւանը նրանց բոստա՞նն է, թե՞ պապենական կալվածքը: Առանց այդ էլ` մայրաքաղաքի կենտրոնում մի մետր ազատ հողատարածք չթողեցին, հիմա էլ, փաստորեն, որոշել են փողոցներն  իրենցով անել եւ երեւանցուն իր իսկ տան մեջ տնվոր դարձնել: Վճարովի ավտոկայանատեղիներ, իհարկե, կան ամբողջ աշխարհում, բայց դժվար թե որեւէ երկրում հնարավոր լինի տեսնել այնպիսի պատկեր, ինչպիսին մեզ մոտ, երբ  կայանատեղիներից ստացվող եկամտի 70 տոկոսը գնա երկրի նախագահի ընկերոջ (իսկ գուցե նաեւ հենց նախագահի) գրպանը, եւ միայն 30-ը` քաղաքային բյուջե: Բացի այդ, դրսում վճարովի ավտոկայանատեղիները կառուցվում են հատուկ տարածքներում եւ ոչ թե պարզապես փողոցներում: Եվ ամենակարեւորը` վճարովի կայանատեղիների ամբողջ իմաստն այն է, որ դրանք ապահովում են այդտեղ կայանած ավտոմեքենաների անվտանգությունը: Մինչդեռ մեզ մոտ, փաստորեն, Ս. Սարգսյանի մանկության ընկերը ցանկանում է միայն փող քամել` փոխարենը ոչինչ չանելով: Ընդ որում, իրենց համաքաղաքային թալանը կազմակերպելիս Ս. Սարգսյանն ու նրա կամակատար Տարոն Մարգարյանն այդպես էլ որեւէ կերպ չեն բացատրում, թե ինչու չեն կազմակերպում արդեն իսկ կառուցված ստորգետնյա վճարովի ավտոկայանատեղիների բնականոն աշխատանքը: Բավական է մտնել Օպերայի շենքի տակ կամ Հյուսիսային պողոտայում կառուցված ստորգետնյա կայանատեղիներ` համոզվելու համար, որ դրանք գրեթե դատարկ են: Եվ եթե պիտի փողոցները դարձնեին ավտոկայանատեղիներ, այդ դեպքում ինչո՞ւ քանդեցին Ազատության հրապարակը` վատնելով միլիարդավոր դրամներ ու վնասելով Օպերայի շենքը: Այս ամենը պետական հանցագործություններ են, որոնց համար, բնականաբար, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու: Մինչեւ չլինի իրական, համակարգային իշխանափոխություն:




Լրահոս