ՊԱԼԱՉԻ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու տարի է` շարունակվում է Գագիկ Ծառուկյանի եւ նրա սանիկ Արթուր Հարությունյանի` Պալաչի հակամարտությունը` կապված Երեւան-Աբովյան երթուղու շահագործման հետ: Այս ընթացքում Հարությունյանը առիթը բաց չի թողնում Ծառուկյանի հետ հաշվեհարդար տեսնելու մասին հայտարարություններ անելու համար, սակայն իրավիճակն այդպես էլ չի փոխվում:
Հիշեցնենք, որ այդ հակամարտությունը սկսվեց 2012 թվականից, երբ Ծառուկյանը սկսեց գործարկել իր բարեգործական  երթուղիները: Հարությունյանն ամեն կերպ պայքարում էր, որպեսզի Ծառուկյանը դադարեցնի իր բարեգործական երթուղիների շահագործումը, քանի որ դրանք խանգարում էին Պալաչի «գծերին»` ուղեւոր «փախցնելով»: Այս ընթացքում Ծառուկյանի երբեմնի սանիկը պարբերաբար ինչ-որ մարդկանց միջոցով հրապարակ է «նետում» տեղեկություններ, թե ինքը պատրաստվում է փակել Երեւան-Սեւան մայրուղին՝ ի նշան բողոքի, սակայն նման բան այդպես էլ տեղի չի ունենում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Ա. Հարությունյանի այս գործունեությունը «հովանավորում» է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչ Վաչիկ Ղազարյանը: Բացի այդ, Հարությունյանին «թեւեր» են տալիս նաեւ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: Սակայն, այդուամենայնիվ, այդ հովանավորներն այդպես էլ չեն կարողանում ռեալ օգնություն ցուցաբերել Պալաչին, քանի որ անձամբ Ս. Սարգսյանի «դաբրոն» չունեն: Այդ իսկ պատճառով էլ Պալաչը փորձում է ներքին խարդավանքների միջոցով իր հարցերը կարգավորել:
Մեր ունեցած տեղեկություններով` Ա. Հարությունյանն անգամ տարբեր լրատվամիջոցներով նյութեր է պատվիրում Գ. Ծառուկյանի եւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ` այդպես փորձելով իր դիրքերն ամրապնդել ու գործերն առաջ տանել: Ի դեպ, Գ. Բեգլարյանը Հարությունյանին խոստացել էր, որ Գ. Ծառուկյանն իր բարեգործական երթուղիների թիվը նվազեցնելու է, սակայն նրա խոստումը մնացել է «օդում կախված»: Պատճառն այն է, որ բարեգործական հիմնադրամների գործունեությունը կանոնակարգում եւ վերահսկում է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը, որը չի ենթարկվում ԿՏ նախարարությանը:
Իսկ ո՞վ է եղել Ա. Հարությունյանը եւ ինչպե՞ս է հայտնվել դաշտում: Նրան ճանաչողների հավաստմամբ` Պալաչը տարիներ շարունակ եղել է Գ. Ծառուկյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը, ժամանակին Ծառուկյանի հովանավորությամբ մի շարք ապօրինություններ, «խլոցիներ» է կատարել եւ այսօր այն, ինչ ունի, չի վաստակել իր արդար քրտինքով: Թերեւս Գ. Ծառուկյանի արարքն էլ արդարացված չէ, քանի որ եթե ցանկանում է բարեգործություն անել, ապա կարող է նաեւ մեկ այլ ուղղությամբ «գիծ» աշխատեցնել, որպեսզի այդտեղ իսկապես միտում չնկատվի:
Երեկ «Ժողովուրդ»-ը, այս ամենի հետ կապված, փորձեց մեկնաբանություն ստանալ Ա. Հարությունյանից, սակայն վերջինիս հեռախոսին մեկ այլ մարդ էր պատասխանում ու նշում, թե նա շատ զբաղված է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս