ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Երեկ Ազատության հրապարակում ազատամարտիկներն անցկացրին հերթական հանրահավաքը: Սակայն ազատամարտիկների մյուս խումբը, որը պայքարում է սոցիալական կարգավիճակի համար, չի մասնակցել այդ հանրահավաքին: Ազատության հրապարակում ելույթ ունեցողները խոսել են «նոր Հայաստան կառուցելու», երկրում առկա արտագաղթի եւ ժողովրդի թշվառ վիճակի մասին: «Մենք հանրահավաքին չենք մասնակցել, քանի որ մենք այլ ճանապարհով ենք գնում, իսկ նրանք՝ մեկ այլ: Մենք ազատամարտիկների խնդիրներով ենք զբաղվում, իրենք՝ ժողովրդի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Նրանից տեղեկացանք նաեւ, որ Վարդենիսում եւ Ազատության հրապարակում շարունակվում է ազատամարտիկների անժամկետ նստացույցը:
600 ԴՈԼԱՐ
Զավեշտալի դեպք է պատահել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ օգոստոսի 8-ին Էրեբունու մի բնակիչ իր տուն է տարել անհայտ մարմնավաճառի, ժամանակ անցկացրել նրա հետ եւ օրվա վերջում վճարելով 10 հազար դրամ՝ նրան ճանապարհել: Սակայն մի քանի ժամ անց նկատել է, որ իր դրամապանակից մոտ 600 ԱՄՆ դոլար գումար է պակասում: Տղամարդը ճարահատյալ դիմել է իրավապահ մարմիններին՝ այդ կնոջը գտնելու համար: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ օպերատիվ աշխատանքներ են իրականացվում 600 դոլարը գրպանած կնոջը գտնելու համար:
ԿՕԳՆԵՆ, ՈՐ ԸՆՏՐՎԻ
ՀՀԿ Սյունիքի մարզային խորհրդի կողմից թիվ 38 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու առաջադրվող Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը Կապանում այնքան էլ «ընդունված» չէ: «Ժողովուրդ»-ին Կապանից հայտնեցին, որ Արմեն Կարապետյանի եղբայրը՝ Արարատ Կարապետյանը, որը Կապանի ճանշինի տնօրենն է, կապանցիների շրջանում ավելի շատ հարգանք է վայելում, ու Ա. Կարապետյանը հույսը դրել է եղբոր վրա: Թեեւ տեղեկություն կա, որ Կարապետյանին սատարելու է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մկրտիչ Մկրտչյանը, որը լավ է տիրապետում ընտրություններում հաղթելու մեթոդներին: Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց Արմեն Կարապետյանի հետ, որը հարցով պատասխանեց մեր հարցին. «Քանի՞ կապանցի է Ձեզ նման բան ասել: Հաճելի է, որ իմ եղբորն են սիրում, իհարկե, կարող է եղբայրներից մեկը լավը լինի, մյուսը՝ ավելի լավը: Ինչ վերաբերում է Մկրտիչ Մկրտչյանին, ապա նա կուսակցության խորհրդի անդամ է եւ իհարկե օգնելու է»: Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 29-ին: