Ռուսաստանը և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն աջակցում են Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում փոխզիջման հասնելուն: Բանակցությունները պետք է սկսվեն մոտ օրերս, գրում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը:
Աղբյուրի խոսքով՝ ՌԴ նախագահը պատրաստ է անձամբ համոզել երկու կողմերին, որ անհրաժեշտ է փոխզիջման գնալ: «Ընդ որում, երբ խոսքը շփման գծում լարվածության նվազեցման մասին է, կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ փոխզիջման»,-գրում է պարբերականը:
«Երբ խոսքը գնում է ռազմական գործողությունների դադարեցման հարցով բանակցությունների մասին, երկու կողմերը պատրաստ են բանակցությունների սեղանի շուրջ հավաքվել: Սակայն անմիջապես փոխադարձ պահանջներ և տարածքային հարցեր են ի հայտ գալիս: Բարդ բանակցություններ են սպասվում, և առանց Ռուսաստանի օգնության անհնար է»,-հայտնում է պարբերականի աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ կոնֆլիկտի կարգավորման ռուսական պլանը հետևյալն է. Ադրբեջանին տարածքների մի մասի վերադարձը, կոնֆլիկտի գոտում խաղաղապահների տեղակայումը, փախստականների վերադարձն ու Ղարաբաղի լեգիտիմացումը, ապա նաև հանրաքվեի անցկացումը:
«Ուղիղ գծի» ընթացքում Վլադիմիր Պուտինը խոստացել էր, որ «Մոսկվան կշարունակի ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման հարցով ինչպես միջազգային կառույցների շրջանակներում, այնպես էլ երկկողմ կարգով»: «Ռուսաստանը շահագրգիռ է այդ հարցի լուծմանը, քանի որ մենք ցանկանում ենք լիարժեք աշխատել և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ»,-ասել էր ՌԴ նախագահը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան