Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 15.04.2016թ. որոշմամբ փաստաբան Թամարա Յայլոյանի դիմումի հիման վրա փաստաբան Լուսինե Հովսեփի Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայության պատճառով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՓՊ կայքէջից:
23.03.2016թ. փաստաբան Թամարա Յայլոյանը դիմել էր Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին և հայտնել, որ 22.03.2016թ. www.youtube.com կայքում տեղադրված տեսանյութում ցուցադրված է դատավարությունից հատված, որի 39.17 րոպեից մինչև 39.46 րոպեն ընկած ժամանակահատվածում տեսաձայնագրված է փաստաբան Լուսինե Սահակյանի և տվյալ գործով մեղադրողի խոսակցությունը, որի ընթացքում մեղադրողը վիրավորական արտահայտություններ է կատարել Թամարա Յայլոյանի հասցեին, իսկ փաստաբան Լուսինե Սահակյանը չի միջամտել և սաստել մեղադրողին:
ՓՊ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ հիմք ընդունելով Թամարա Յայլոյանի դիմումը՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով քննության առնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող թիվ ՇԴ/0072/01/15 քրեական գործով մեղադրող Գևորգ Գևորգյանի վերոնշյալ վարքագիծը։