Ֆարս ընտրություններ. Տարոն Մարգարյանի՞ աջակցությամբ վերընտրվեց Թալինի քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Առաջադրված թեկնածուները երեքն էին՝ ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը եւ ՀՅԴ-ական Տիգրան Հարությունյանը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ վերընտրվեց գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը:

ՀՀ ԿԸՀ-ի տվյալներով՝ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում քաղաքապետի ընտրություններին մասնակցել է 3309 ընտրող կամ ընտրողների 62.48 տոկոսը: Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը հավաքել է 1993 ձայն, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը՝ 168, իսկ ՀՅԴ-ական Տիգրան Հարությունյանը՝ 1036 ձայն:

Ապրիլի 17-ի վաղ առավոտից ՀՀԿ-ական Սարգիս Արամյանի ընտրական շտաբում մեծ թվով մարդիկ էին հավաքված: Ներկա էր նաեւ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: Եւ տպավորություն էր, որ հենց վերջինս է մոբիլիզացնում շտաբի աշխատանքները: Օրվա ընթացքում պարզ դարձավ, որ Թալինում են նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը եւ մի քանի թաղապետեր՝ Նոր Նորքի վարչական շջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը եւ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը: Լրագրողների հարցին, թե ինչու եք Թալինում, Կամո Արեյանը կարճ պատասխանեց՝ իմ ծննդավայրն է:

Հարկ ենք համարում նշել, որ գործող քաղաքապետի, այսպես կոչված, «թիկնապահները» լրագրողների մուտքը դեպի շտաբ խոչընդոտում էին. շտաբում սենյակներ կային, որոնց դռների մոտ նրանք կանգնել էին եւ չէին թողնում լրագրողներին ներս մտնել: Իսկ լրագրողները վաղ առավոտից փնտրում էին գործող քաղաքապետ Սարգիս Արամյանին, որը չկար ու չկար: Հայտնվեց միայն ժամը 19:45 եւ քվեարկեց վերջինը 15/01 ընտրատեղամասում:

Ժամեր անց հայտնի դարձավ, որ գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը վերընտրվել է, ինչի առթիվ հենց քաղաքի հրապարակում հրավառություն է կազմակերպել:
Թալինցիներից շատերը նշում էին, որ Սարգիս Արամյանը վերընտրվեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհիվ: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Թալին էին այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նաեւ մի քանի նախարարներ: Ըստ թալինցիների՝ նրանք քարոզել էին Արամյանի համար: Նշենք նաեւ, որ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի ներկայությունից թալինցիները վրդովվել էին, նրանք մեզ հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ Արեյանի շնորհիվ «ընտրությունները կկեղծվեն»:

«Ժողովուրդ»-ը դիմեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին եւ հետաքրքրվեց, թե Երեւանի փոխքաղաքապետն ու թաղապետերը ինչ էին անում Թալինի ընտրատեղամասերի մոտ եւ Սարգիս Արամյանի ընտրական շտաբում` անմիջապես ընտրական գործընթացի ժամանակ: Մեր հարցին ի պատասխան` Գեւորգյանը անտարբեր տոնով նկատեց. «Չեք կարծում, որ կիրակի օրը յուրաքանչյուրի համար ոչ աշխատանքային օր է: Ոչ աշխատանքային օրով ցանկացած ոք կարող է իր ժամանակը տնօրինել այնպես, ինչպես ինքն է կամենում: Կոնկրետ վարչական շրջանների ղեկավարները եւ Թալինի քաղաքապետը կուսակից ընկերներ են եւ եթե նրանք գտնվել են այդ ժամանակ իրենց կուսակցության շտաբում, ապա դրանում տարօրինակ բան փնտրել պետք չէ»:

«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, Թալինի քաղաքապետի թեկնածու Գուրգեն Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ապրիլի 17-ին Թալինում անցկացված ընտրությունների արդյունքները համարեց կեղծ: «Ֆարս ձեւով ընտրված համայնքի ղեկավարին ես նույնիսկ չեմ էլ ուզում շնորհավորել: Ես ո՛չ վիճարկելու եւ ո՛չ էլ բողոքարկելու եմ ընտրությունների արդյունքները, թող ինքը գնա ու իր յուղով տապակվի: Չնայած որ համաձայն չեմ այդ ֆարս ընտրությունների արդյունքների հետ»,- վրդովված նկատեց Գ. Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ թիվ 15/03 ընտրատեղամասում իր վստահված անձին «ոստիկանները մոտ 2 ժամ դիտավորյալ պահել են, որովհետեւ խախտումներ են կատարել նրանք»: Բանն այն է, որ երբ նշված տեղամասում Թալինի բնակիչ Մարինե Հովհաննիսյանը եկել է ընտրության, պարզել է, որ իր անվան դիմաց ստորագրված է, այսինքն՝ իր փոխարեն արդեն ընտրել են: Բացահայտված այս խախտման շուրջ նշված ընտրատեղամասում վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահի՝ Ալվիտա Մելքոնյանի եւ քաղաքապետի թեկնածու Գուրգեն Գրիգորյանի վստահված անձի միջեւ: Եւ Գուրգեն Գրիգորյանի խոսքերով՝ իր վստահված անձին ոստիկանները մոտ 2 ժամ պահել են ընտրատեղամասի սենյակներից մեկում: «Ժողովուրդ»-ի հարցին՝ կատարվածից հետո ինչ է պատրաստվում անել, Գրիգորյանն ասաց. «Ես պատրաստ եմ մինչեւ 99 տարեկանը մասնակցել ընտրություններին եւ արմատախիլ անել ՀՀԿ-ականներին»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս