ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկ 52-ամյա Ներսես Եղիազարյանը հայտնեց, որ ինքն անելանելի վիճակում է եւ այլ ելք չի գտնում, քան ինքնահրկիզվելը: Պատճառը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կայացրած որոշումն է, որի հիման վրա քանդել են ազատամարտիկի կողմից 8 տարի շարունակ կառուցած տունը:
Մի կողմից իշխանությունները հավաստիացնում են, թե մենք ապրում եք ապահով Հայաստանում, սակայն, մյուս կողմից, սոցիալ-տնտեսական այս ծանր պայմաններում մարդու կառուցած տունը քաղաքապետարանը վայրկյանների ընթացքում գաղտագողի հողին է հավասարեցնում:
Եվ այսպես, պարզվում է՝ ազատամարտիկ Ներսես Եղիազարյանը Երեւանի քաղաքապետարանի կողմից 2002-2012թթ. իրավունք է ստացել վարձակալական հիմունքներով տնօրինել Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոցի հարեւանությամբ գտնվող ամայի տարածքը, սակայն 2010թ.-ից քաղաքապետարանը նրան արգելել է մուտք գործել նշված տարածք:
«Իմացա, որ նշված տարածքը գնել է «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ն: 2000 մ այդ հողատարածքում իմ ընտանիքի 11 անդամների հետ միասին մի շարք աշխատանքներ եմ իրականացրել: 10 հազար «Կամազ» սեւ հող բերեցի, լցրեցի, 800 մ-ից ջրատար խողովակներ անցկացրի, 150 բերքատու ծառ տնկեցի ու մի փոքրիկ էլ շինություն էի կառուցել, սակայն քաղաքապետարանը ավերեց, իսկ ծառերն էլ սպանդի ենթարկվեցին»,-վրդովված ներկայացրեց  Ն. Եղիազարյանը:
Նրա խոսքով, երբ ինքը տեղեկացել է, որ տարածքը գնել է «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ն, փորձել է ընկերության հետ բանակցել նշված տարածքում իրականացրած շինաշխատանքների  ծախսերը վերականգնելու շուրջ, սակայն ընկերությունից ասել են, թե իրենք քաղաքապետարանից գնել են նշված տարածքը, ու նա էլ թող գա, իրենց գնած տարածքը մաքրի:
Ըստ մեր զրուցակցի` իրեն պաշտոնապես պատճառաբանել են, թե տարածքը քանդել են, քանի որ այդտեղով պետք է ճանապարհ կառուցվի, մինչդեռ, համաձայն այդ ճանապարհի հատակագծի, այն անցնում է արդեն քանդված շինությունից 75 մ հեռավորությամբ:
Չնայած այս ամենին՝ Եղիազարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ պատրաստ է ընդունել քաղաքապետարանի որոշումը. «Ես իմ պետության օրենքներին կենթարկվեմ, բայց խի՛ղճ ունեցեք, նշված տարածքում այնքան ծախս եմ կատարել: Մարդկայնորեն արդար կլինի, որ պետությունն ինձ վերադարձնի իմ իրականացրած ծախսերը: Հավատացե՛ք, այլ ելք չունեմ, ի՞նչ անեմ, իմ 11-անդամանոց ընտանիքը վերցնեմ հեռանա՞մ, էլ ապրելու իմաստ էլ չկա: Մի շիշ բենզին ա, կվերցնեմ, կգնամ քաղաքապետարանի կամ կառավարության դիմաց ու կվառեմ ինձ»:
Ի դեպ, երեկ, ի նշան բողոքի, Ն. Եղիազարյանն ու նրա ընտանիքի անդամները «Պահանջում ենք արդարություն», «Վերադարձրե՛ք իմ ծախսերը» գրություններով պաստառներով նշված տարածքում իրենց բողոքն էին արտահայտում՝ ակնկալելով խնդրի արդարացի լուծում: Նրանք նշեցին, որ Աջափնյակ վարչական շրջանի նախկին ու ներկա ղեկավարները՝ Ռուբեն Հովսեփյանն ու Արտավազդ Սարգսյանը, երբեք իրենց չեն նեղացրել:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը պարզաբանում խնդրեց Երեւանի քաղաքապետարանից: Մեզ պատասխանեցին քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից՝ հայտնելով. ««Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ի 2013-ի մայիսի 25-ի գրության հիման վրա Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ, առանց իրավունքի որեւէ ձեւի պետական գրանցման, Տիչինայի փողոցին հարող տարածքում ապօրինի տնօրինվում եւ փաստացի օգտագործվում է Երեւան համայնքին սեփականության իրավունքով պատկանող պարսպապատ թվով 2 հողամաս, եւ ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 109-րդ եւ 110-րդ հոդվածների պահանջը՝ քաղաքացի Ներսես Եղիազարյանին մայիսի 27-ին առաջարկվել է 10-օրյա ժամկետում իր նախաձեռնությամբ ու միջոցներով քանդել տարիներ առաջ ապօրինի կերպով կառուցված քարե պարիսպն ու պարսպի ներսում առկա անավարտ շինությունը եւ ապօրինի տիրապետումից ազատել Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը»:
Արդյո՞ք քաղաքապետարանը մտադիր չէ վերադարձնել ազատամարտիկի արած ծախսերը: Այս հարցին քաղաքապետարանից պատասխանեցին. «Անօրինական զավթումներից եւ ապօրինի տիրապետումից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ազատելու դեպքում օրենսդրությունը փոխհատուցում չի նախատեսում: Սակայն, ներդրողի հայեցողությամբ, ներդրողի եւ բնակչի միջեւ կարող է նաեւ քննարկվել որոշակի փոխհատուցման հարց»:
Հողը գնած ընկերությունն արդյո՞ք խղճի խայթ կունենա եւ փոխհատուցում կտա քաղաքացուն: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ը չկարողացավ ստանալ, քանի որ մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Իսկ երբ այցելեցինք «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-, պահակային ծառայություն իրականացնող աշխատակիցները նշեցին, որ ընկերությունում մարդ չկա. «Այսօր չեն եկել»: Տնօրեն Կարեն Կարապետյանը չկար ու չկար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս