Ոստիկանության ծառայողներն անհիմն մեղադրվել են հանցագործության կատարման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի մայիսի 29-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քաղաքացի Կարինե Շ.-ն ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել ամուսինը՝ Հենզել Կ.-ն և նրա բարեկամ Թադևոս Մ.-ն: Վերջիններիս քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի ծառայողը միջնորդի միջոցով պահանջել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 400 հազ. ՀՀ դրամը, նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, միջնորդ Արմեն Գ.-ի միջոցով փոխանցել է ոստիկանության նույն ծառայող Ժորա Հ.-ին և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մնացած 80 հազ. ՀՀ դրամն էլ փոխանցելու է հետագայում:

Միջնորդի միջոցով հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու և վերջինիս կողմից միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում Կարինե Շ.-ն հրաժարվել է պնդել հաղորդման մեջ նշված հանգամանքները, հայտնել է, որ ինքը ստիպված է նման բովանդակությամբ հաղորդում տվել, քանի որ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը սպառնացել է հակառակ դեպքում կալանավորել ամուսնուն և բարեկամին: Մինչդեռ ինքը 400 հազ. ՀՀ դրամ գումարը միջնորդի միջոցով ոստիկանության ծառայողին տվել է ոչ թե որպես կաշառք, այլ որպես տուգանքի գումար:
Կարինե Շ.-ն հայտնել է նաև, որ քրոջ ամուսնու և բարեկամի հետ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն ուղեկցվելուց հետո, այնտեղ իրենց տևական ժամանակ պահելու ընթացքում հիշյալ վարչության աշխատակիցներն ուղղորդել են բացատրություններում նշել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել քրեական գործ:

Նախաքննության ընթացքում Հենզել Կ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, տվել է Կարինե Շ.-ի հաղորդմանը նույնաբովանդակ հաղորդում:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Կարինե Շ.-ի և Հենզել Կ.-ի հաղորդումների մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Կարինե Շ.-ն և Հենզել Կ.-ն, գիտակցելով իրենց կողմից տրված տեղեկությունների կեղծ լինելը, ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցներին անհիմն մեղադրել են պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ հաշվի առնելով, որ Կարինե Շ.-ի և Հենզել Կ.-ի արարքներում առերևույթ կան սուտ մատնություն կատարելու հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ նույն Կարինե Շ.-ի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայող Ժորա Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 5-րդ կետերով, իսկ Արմեն Գ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով:
Ոստիկանության ծառայող Ժորա Հ.-ի կողմից կաշառք ստանալու պատրվակով խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու և Արմեն Գ.-ի կողմից կաշառքի միջնորդության փորձ կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ավարտվել է և քրեական գործը մեղադրական եզրակացութան կազմմամբ ուղարկվել է դատարան:




Լրահոս