Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) շուրջ «օղակը» սեղմվում է. որն է հրաժարականի իրական պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է նեկայացրել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը: Ինչպես նկատում ենք՝ Միհրան Պողոսյանի անվան շուրջ օղակը գնալով սեղմվում է, քանի որ մեզ հասած տեղեկություններով, իրավապահները վերջինիս գործունեության մասով գործընթաց են սկսել:

Ապրիլի 17-ին տեղեկություններ տարածվեցին, որ այդ օրը «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան-Փարիզ չվերթ իրականացնող «Էյր ֆրանս» ավիաընկերությունով արտերկիր են պատրաստվել մեկնել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի երեխաները: Տոմսարկղի մոտ հասնելուն պես թիկնապահների եւ օդանավակայանի աշխատակցի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի արդյունքում թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին:

2008թ. հունիսի 11-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող նշանակված Միհրան Պողոսյանը մշտապես իրեն պահել է այնպես, ինչպես ցանկացել է: Անպատիժ: Ապրիլի 4-ին «Հետք» պարբերականը հրապարակեց Միհրան Պողոսյանի՝ բիզնեսներին եւ, մասնավորապես, օֆշորային տարածքներում գրանցված ընկերությունների ու դրանց գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները:

Մասնավորապես, հրապարակված հոդվածում մեկ առ մեկ ներկայացված էին Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունների անունները, որոնց միջոցով գլխավոր հարկադիր կատարողը միլիոնավոր դոլարների եկամուտներ է ստանում՝ իր պաշտոնն օգտագործելով:

Մեզ տեղեկություններ հասան, որ հրապարակումները հիմք են դարձել, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր՝ 6-րդ վարչությունը ուսումնասիրի Միհրան Պողոսյանի բիզնեսների վերաբերյալ հրապարակված տվյալները: Ու մինչ իրավապահները ուսումնասիրում էին ԴԱՀԿ պետի մասին հրապարակված տեղեկությունները, Միհրան Պողոսյանի թիկնապահները մի նոր «գլխացավանք» բերեցին իրենց ղեկավարի գլխին` ապրիլի 17-ին ծեծելով օդանավակայանի աշխատակիցներց մեկին:

Երեկ «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզեց, որ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի թիկնապահների կողմից օդանավակայանի աշխատակցին ծեծի ենթարկելու միջադեպով նյութեր են նախապատրաստվում: Ստացվում է, որ ոստիկաններն այս օրերին Միհրան Պողոսյանի անվան շուրջ երկու գործ են քննում:

«Ժողովուրդ»-ը իրավապահ մարմիններին մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ Միհրան Պողոսյանի գործունեության մասով իրավապահներն այս օրերին տարբեր դրվագներով քննություն են սկսել:

Բայց Պողոսյանն իր հրաժարականը որոշեց որպես հայրենասիրական մի մեծ ժեստ մատուցել` դիմումի մեջ գրելով. «Հայկական եւ միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաեւ իմ անունը: Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին:

Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի եւ բռնապետական Ադրբեջանի միջեւ քաղաքակրթական որեւէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից: Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»:

Կարդալով այս ուշագրավ տեքտը՝ ամեն դեպքում կասկածներ են առաջանում, որ կա մի այնպիսի պատճառ այս հրաժարականի համար, որն աններելի է: Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը միշտ էլ աչքի է ընկել հանրության կողմից դատապարտելի վարքաբանությամբ, բայց նրան երբեք չեն հորդորել հրաժարականի դիմում գրել:

Հիշեցնենք նաեւ՝ դեռեւս 2010 թվականի՝ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եւ Միհրան Պողոսյանի տարաձայնությունը, ինչի արդյունքում Պողոսյանի փոխարեն Գեւորգ Դանիելյանը հրաժարական տվեց: Ինչպես բազմիցս գրել է մամուլը, Հայաստանում բանանի եւ ցիտրուսային մի շարք այլ մրգերի ներկրման մենաշնորհը պատկանում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին` Քեթրինի Միհրանին:

Ու չնայած այս իրողությանը, Միհրան Պողոսյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին մի համեստ հայտարարագիր է ներկայացրել: Ըստ որի՝ 2015 թվականի սկզբի դրությամբ Պողոսյանն ունեցել է 26 միլիոն դրամ, 250 հազար դոլար եւ 12 հազար եվրո, իսկ տարվա վերջում դրանք դարձել են 22 միլիոն դրամ, 200 հազար դոլար եւ 12 հազար եվրո: Նախկին գլխավոր հարկադիր կատարողի եկամուտները գոյացել են աշխատավարձից եւ վարձակալությամբ տված գույքի դիմաց ստացած վճարումներից:

Միհրան Պողոսյանի աշխատավարձը կազմել է 12 միլիոն 359 հազար 309 դրամ, իսկ անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 5 միլիոն, 2 միլիոն, 2 միլիոն եւ 1 միլիոն դրամ: Նրա եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 22 միլիոն 359 հազար 309 դրամ:

Վերջում ընդգծենք, որ , ընդ որում, խոսքը ֆինանսական «անճշտությունների» մասին է: Հուսանք` կպարզվի, թե որն է եղել ԴԱՀԿ պետի հրաժարականի իրական պատճառը:

Քնար Մանուկյան




Լրահոս