Ինչ եզրահանգում ունեցավ Սասուն Միքայելյանի և Արամ Դանիելյանի թիմակիցների միջև տեղի ունեցած միջադեպը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ երեկոյան Հրազդանում Արամ Դանիելյանի թիմակիցները հարձակվել են Սասուն Միքայելյանի թիմակիցների վրա. նրանց միջև բախումներ են տեղի ունեցել:

ArmLur.am-ը փորձեց մանրամասներ իմանալ ոստիկանությունից, մասնավորապես, ինչ հանգուցալուծում է ունեցել միջադեպը, եղե՞լ են արդյոք բերման ենթարկվածներ:

Մեր հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը վիճաբանության մասնակիցներին տարել է Ոստիկանության Հրազդանի բաժին: Այստեղ նրանցից որևէ մեկը հաղորդում չի տվել: Նրանք բոլորը բաց են թողնվել:

Լրատվական ծառայությունը հրաժարվեց անուններ հրապարակել՝ պատճառաբանելով, որ բաժին տարվածներից որևէ մեկը դեռ որևէ կարգավիճակ չունի:

Այդուհանդերձ, «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում հայտնել է, որ դեպքից հետո Արամ Դանիելյանը շտապել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և այնտեղից դուրս բերել իր եղբորը՝ Արթուրին, եղբորորդուն՝ Արգամին, և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանի «նազիր-վեզիր» Սմբատին:

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Սասուն Միքայելյանին պատկանող, սակայն չգործող ռեստորանի մոտ: Այստեղ հավաքույթ էր տեղի ունենում` Միքայելյանի թիմակիցներին շնորհակալություն հայտնելու համար: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխանցել է, որ հավաքույթը սկսվելուց շատ չանցած  Դանիելյանի մի խումբ թիմակիցներ  երեկույթից փողոց են հրավիրել Միքայելյանի թիմի անդամներից մի քանիսին և տասը մեքենայից կազմված հրոսակախմբով հարձակվել նրանց վրա:

Ի դեպ, միջադեպի վայր էին ժամանել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները`  մարզային վարչության պետի գլխավորությամբ:




Լրահոս