Հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագինը դեռ չթանկացած` տաքսի ծառայությունների տնօրենները, առիթից օգտվելով, սկսել են բարձրացնել իրենց սակագները: Նախօրեին «Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մի քանի բնակիչներից. քաղաքում գործող տաքսի ծառայությունների ուղեվարձը 100-ից դարձել է 120 դրամ:
Այսինքն՝ եթե քաղաքացին նախկինում Արտաշատից Երեւան գալու համար վճարում էր 3500 դրամ, ապա հիմա ստիպված է վճարել 4200 դրամ: Արտաշատի տաքսի ծառայությունները թանկացրել են նաեւ մինիմալ վճարը` 500-ից դարձնելով 600 դրամ: Նման ինքնակամ թանկացումներ են եղել նաեւ Երեւանում: «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանի խոսքով՝ Երեւանում կան այնպիսի տաքսի ծառայություններ, որոնք իրենց ուղեվարձն արդեն 100-ից դարձրել են 150 դրամ:
Հիշեցնենք, որ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը մերժել էր ուղեվարձի բարձրացման վերաբերյալ միջպետական եւ միջմարզային տրանսպորտի գծերը շահագործող ընկերությունների հայտերը: Սակայն, Գ. Դոստուրյանի խոսքով, նախարարությունը չի կարող վերահսկել տաքսիների սակագները, քանի որ նրանք ազատ են գործում` շուկայական հարաբերությունների սկզբունքներով:
«Լիցենզավորման կարգի մեջ գրված չէ, որ տրանսպորտի նախարարությունը պետք է կարգավորի տաքսիների սակագները: Նախարարությունից պատճառաբանում են, որ բաց է թողնված` ազատ շուկայական հարաբերություն է: Այստեղ գործում են առաջարկն ու պահանջարկը, ինչի արդյունքում տուժում է սպառողը: Բայց մենք այս խնդիրը լուծելու համար նախարարությանն առաջարկեցինք սահմանել ընդհանուր տարիֆ, ինչպես Եվրոպայում է, ԱՄՆ-ում: Առաջարկը չընդունվեց: Եվ հիմա տեսե՛ք, մարդը շտապելուց կանգնեցնում է առաջին իսկ պատահած տաքսին, հետո պարզվում է, որ սրա ուղեվարձն ավելի թանկ է, քան մյուսներինը»,-ներկայացրեց Դոստուրյանը՝ նշելով, որ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում հասարակական տրանսպորտը չի գործում ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքով, հակառակը՝ ուղեվարձերն ինքնարժեքից էլ ցածր են:
ՀԿ նախագահի կարծիքով՝ կատարվածի պատասխանատուն միանշանակ կապի եւ տրանսպորտի նախարարությունն է, քանի որ դեռ երկու տարի առաջ ակնհայտ էր, որ այսօր կանգնելու ենք նման խնդրի առաջ. «Պետք է դեռ այն ժամանակ օրենքը փոխեին, այսինքն՝ հանրային տրանսպորտի ձեւը պետք է փոխեին: Շատ մտածելու կարիք էլ չունեին: Հիմա մենք նոր հեծանիվ չէինք հորինելու, հազարավոր պետություններ այդ ճանապարհն անցել են»:
47-ամյա Գագիկն արդեն չորս տարի է՝ աշխատում է Երեւանի տաքսի ծառայություններից մեկում: Նա համաձայն է 100 դրամով սպասարկել, միայն մի պայմանով. «Երբ նախարարը կատարի իր խոստումը: Նա խոստացել է դաշտը մաքրել ապօրինի գործող տաքսիներից: Այդ դեպքում խնդիր չկա, 100 դրամի մեջ կարող ենք տեղավորվել»:
Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ իր հերթին է ոլորտի պատասխանատուներին առաջարկել մշակել հայեցակարգ լիցենզավորման կարգը բարեփոխելու վերաբերյալ. «Բայց արի՛ ու տես, որ հայեցակարգ մշակելու փոխարեն ընկած են դոնորներ փնտրելով եւ ոլորտում պարզապես փոփոխություններ անելով: Մինչդեռ տաքսի ծառայությունները լիցենզիա ստանալու ժամանակ պայմանագիր չեն կնքում, խոսք են տալիս, որ 100 դրամով են սպասարկելու: Ազատ շուկայական հարաբերություններ են, ով ինչքանով ուզում է` սպասարկում է: Բայց այսպես չի կարող շարունակվել, պետք է կանոնակարգվի: Ընդամենը վարորդից պահանջվող պլանի չափն է բարձրանում»: Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ տաքսի մեքենայի դիմապակու վրա անպայման պետք է նշված լինի, թե ինչ ընկերություն է եւ ինչքանով է սպասարկում. «Ամբողջ լիցենզավորման կարգը քանդված է, միայն էլեկտրոնային հաշվիչի պայմանն է գործում»: Մեր կողմից հավելենք, որ հաշվիչներն էլ ոչ բոլոր տաքսի ծառայությունների մեքենաներում են առկա:
Վերը նշված ահազանգի հետքերով «Ժողովուրդ»-ը դիմեց Արարատի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Արայիկ Պողոսյանին, որը, սակայն, խորհուրդ տվեց այս հարցով դիմել Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանին. «Քանի որ քաղաքապետն է տաքսի ծառայություններին ծառայություն մատուցելու իրավունք եւ թույլտվություն տալիս եւ գանձումները կատարում»:
Խնդրի առնչությամբ զրուցեցինք Արտաշատի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Ալիկ Իսրայելյանի հետ: «Քաղաքապետարանն իրավունք չունի գին սահմանելու, իր կոմպետենցիայի մեջ դա չի մտնում: Արտաշատում կան հինգ գործող տաքսի ծառայություններ, եւ մենք բոլորի տնօրենների հետ խոսել ենք. այս պահին գին բարձրացնելու հասկացողություն չկա: Խոստանում եմ՝ խնդիրը կուսումնասիրենք եւ հետեւողական կլինենք, որ մյուս անգամ նման բան չպատահի»,-վստահեցրեց քաղաքապետարանի պաշտոնյան:
Մինչդեռ մեզ դիմած արտաշատցիները պնդում են եւ փաստում, որ տաքսի ծառայությունների ուղեվարձերը հունիսի 27-ից թանկացել են: Փաստորեն, Արտաշատի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետը հրապարակավ ստում է` ասելով, որ տաքսիների սակագները չեն բարձրացել: Այդքանից հետո դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլինեն նրա կողմից խոստացված ուսումնասիրությունների արդյունքներն ու Արտաշատի քաղաքապետարանի դրսեւորած հետեւողականությունը:
ՍՊԱՌՈՂԻ ՀԱՇՎԻՆ՝ ԱԶԱՏ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ