ԹՈՒՐՔԻԱ ՄԵԿՆՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՊԱԿԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բագրատ տուր» ընկերության սեփականատեր Բագրատ Նավոյանը Հայաստանում գործունեություն ծավալող թերեւս միակ գործարարն է, որը, չնայած հայ-թուրքական փակ սահմանի առկայությանը, անարգել համագործակցում է թուրք գործարարների հետ: Եվ հատկապես ամառային օրերին Թուրքիա՝ Անթալիա, մեկնողների թիվը Հայաստանում կտրուկ շատանում է: Այս թեմայի շրջանակներում «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց Բագրատ Նավոյանին:
-Ի համեմատ նախորդ տարիների՝ ինչպիսի՞ միտումներ կան՝ այս տարի Անթալիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկների թվի հետ կապված:
-Կարելի է ասել, որ նախորդ տարվա նման նույնն է մնացել թիվը, իսկ, օրինակ, Ստամբուլ մեկնողների թիվը նվազել է:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը: Արդյո՞ք Թուրքիայում ծավալվող իրադարձություններն են նպաստել նվազմանը:
-Դե հիմնականում Ստամբուլի կենտրոնում էին ցույցեր լինում, դրա համար մի քիչ վտանգավոր է, ու ժողովուրդը խուսափում է գնալ: Երկրորդ պատճառն էլ այն է, որ շաբաթական 8-ից 10 ավտոբուս է մեկնում, եւ մարդկանց ավելի շատ մատչելի է, որ ավտոբուսով գնան, այլ ոչ ինքնաթիռով: Դա ավելի թանկ  է նստում մարդկանց վրա` մոտ 200 եվրոյի չափ է միայն գնալ-գալը:
-Դուք ամենշաբաթյա չարտերային չվերթեր եք կազմակերպում դեպի Թուրքիա: «Արմավիա» ընկերության՝ ավիաշուկայից դուրս գալն ինչպե՞ս է անդրադարձել Ձեր գործունեության վրա:
-Ասեմ, որ Ստամբուլ մեկնելու ուղղության վրա չի ազդել, քանի որ մենք մի չվերթ կատարում էինք «Արմավիա»-ի ինքնաթիռով, մեկն էլ՝ թուրքական օդանավով: «Արմավիա»-ի դուրս գալուց հետո, կարելի է ասել, դա ո՛չ ազդել է, ո՛չ էլ խանգարել:
-Երկրում առկա ծանր սոցիալական պայմաններն ինչպե՞ս են անդրադարձել Ձեզ դիմող քաղաքացիների պահանջների վրա. արդյո՞ք այսօր մեծացել է էժան հյուրանոցների, հնարավորինս մատչելի հանգստի պահանջարկը, թե՞ այդ հարցում էլ որեւէ բան չի փոխվել:
-Գիտեք, աշխատող մարդն աշխատում է, չաշխատողը չի աշխատում: Եվ ով աշխատում է, նա ապրում է: Անգամ մեզ հետ են դեպքեր եղել, աշխատանքի ենք հրավիրել որպես բանվոր, մարդիկ կան՝ ասել են, թե ոնց կարող են իրենք բանվոր աշխատել: Բայց այդպես չի կարելի մտածել: Մարդն ամեն գնով պիտի աշխատի, իր ընտանիքը պահի:
Իսկ ինչ վերաբերում է հյուրանոցների գներին, ասեմ, որ էական փոփոխություններ չկան: Մենք ունենք չվերթեր, որոնք արժեն մոտավորապես 620-650 դոլար: Այսինքն՝ եթե կոպիտ ասենք, Ծաղկաձոր կամ մեկ այլ տեղ եթե գնան, այդ նույն ծախսերն են անելու: Իհարկե, կան մարդիկ, որոնք գերադասում են ավելի բարձրակարգ հյուրանոցներ, որոնք ավելի թանկ հաճույք են:  
Թո՛ւյլ տվեք նաեւ ավելացնել, որ շատերն ասում են, թե Թուրքիան մեր թշնամին է, պետք չէ այդպես մտածել: Թշնամուն պետք է հաղթել գնալ-գալով, շփվելով, հյուրասիրությամբ: Այն, որ ասում են, թե Հայաստանի քաղաքացին իրեն վատ է զգում Թուրքիայում, այդպես չէ: Ճիշտ հակառակն է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս