ԳՈՂԸ ԲՌՆՎԵԼ Է
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի իրականացրած միջոցառումների շնորհիվ բացահայտվել է Իջեւան համայնքի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանին պատկանող ոսկեղենի խանութից 2012թ. դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը մոտ 50 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա եւ արծաթյա զարդերի գողությունը: Ըստ նախաքննության տվյալների՝ այն կատարել է 1981թ. ծնված Գ. Ս.-ն, որը ծնունդով Բերդի շրջանից է, ունի Իջեւանի գրանցում, բայց բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Նա նախկինում Ռուսաստանում դատապարտվել է: Գ. Ս.-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն: Նշենք, որ իրավապահների կողմից գողոնի մի մասն է հայտնաբերվել, քննությունը շարունակվում է:
ԽԱԽՏՈՒՄԸ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ
Արդեն 2 ամիս է՝ Նոյեմբերյանի կենտրոնում՝ Երեւանյան փողոցում՝ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից մոտ 50 մետր հեռավորության վրա՝ միջպետական ճանապարհին կայանած խոշոր բեռնատարից ցեմենտի առեւտուր է ընթանում: Բեռնատարը կայանած է մեքենաների շրջադարձ կատարելու հրապարակի մուտքի մոտ, ինչի պատճառով վթարային իրավիճակ է ստեղծում: Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար «Ժողովուրդ»-ը զանգահարեց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին: Սակայն տեղեկացանք, որ քաղաքապետն արդեն մի քանի օր է` բացակայում է Նոյեմբերյանից, իսկ նրա բջջային հեռախոսահամարն անհասանելի է: Այդուամենայնիվ, Նոյեմբերյանի քաղաքապետարանից պարզեցինք, որ ոչ սահմանված վայրում առեւտրի համար վարչական տուգանք է սահմանված, եւ հաճախ ոստիկանության Նոյեմբերյանի բաժինը ոչ սահմանված վայրում առեւտրի վերաբերյալ գրություններ է ուղարկում քաղաքապետարան, որն էլ տուգանքներ է կիրառում: Այս դեպքում, սակայն, ո՛չ ոստիկանությունը, ո՛չ ՃՈ-ն, ո՛չ էլ քաղաքապետարանը «չեն տեսնում» օրենքի խախտումը:
Տավուշ