Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Բելգրադում օգոստոսի 3-ին ավարտված շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությունում արժանացավ բրոնզե մեդալի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա մանրամասներ ներկայացրեց մրցաշարից: -Լիլի՛թ, ստացվե՞ց այն, ինչ նախատեսել էիք: -Ինչպես Եվրոպայի բոլոր առաջնությունները, սա նույնպես ուժեղ կազմ ուներ. խաղարկվում էին նաեւ աշխարհի առաջնության ուղեգրեր: Եվրոպային հատկացվում է 32 տեղ, հաշվի են առնվում մայրցամաքի վերջին 2 տարվա առաջնությունների արդյունքները, եւ Բելգրադում խաղարկվում էր 14 ուղեգիր: Ես, իհարկե, ձգտելու էի բարձր տեղ զբաղեցնել, բայց հիմնական նպատակս ուղեգիր նվաճելն էր: Առանց պարտության հանդես եկա` տանելով 5 հաղթանակ, 6 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Վերջին տուրում ոչ-ոքի արդյունքը բավարար էր ուղեգրի համար, բայց խաղում էի անցյալ տարվա Եվրոպայի չեմպիոնուհու` Գունինայի հետ, ում միայն հաղթանակ էր անհրաժեշտ, որպեսզի մրցանակային տեղ զբաղեցներ: Պարտիան բարդ էր, այնքան էլ հաջող չէր դասավորվում, բայց բախտն ինձ ժպտաց, ու հաղթեցի: Ի դեպ, իմ վարկանիշը 15 կետով բարձրացավ: -Ի՞նչ ծրագրեր ունեք: -Այս տարվա թիմային ամենակարեւոր մրցաշարը նոյեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությունն է, բայց մինչ այդ էլի շատ մրցաշարերի եմ մասնակցելու: -Իսկ անձնական «ճակատում» նորություններ կա՞ն: -Մի երկու ամիս առաջ ամուսնացել եմ, ամուսինս գերմանացի է, շախմատի, սպորտի հետ կապ չունի: Հ.Գ. Այսօր Լիլիթի ծննդյան օրն է, ինչի առթիվ շնորհավորում ենք նրան, մաղթում շախմատային եւ անձնական հաջողություններ: Իսկ հոբելյարն այսօրն անցկացնելու է օդանավում. մեկնում է Չինաստան` ակումբային մրցաշարի: Ի դեպ, հայ շախմատիստ-շախմատիստուհիների` այլազգիների հետ ամուսնությունը կարծես թե դառնում է օրինաչափություն: Մեր առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանի ամուսինը հոլանդացի է: Գրոսմայստեր Արման Փաշիկյանի կինը Հայաստանի հավաքականի անդամ, ռուս շախմատիստուհի Մարիա Կուրսովան է, Սերգեյ Մովսիսյանի կինը` Սլովակիան ներկայացնող ռուս Յուլիա Կոչետկավան: Տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի ընկերուհին էլ Ավստրալիան ներկայացնող շախմատիստուհի Արիաննե Կաոիլին է (հայրը ֆիլիպինցի է, մայրը հոլանդացու եւ իռլանդացու արմատներ ունի): Եթե ավելի հեռուն գնանք, ապա կհիշենք, որ աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կինը` Ռոնա Յակովլեւնան, հրեուհի էր, իսկ հայ գրոսմայստերի մրցակից Միխայիլ Բոտվիննիկի կինը հայուհի էր` Գայանե անվամբ: