11 ՍՆԿԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի այս ժամանակահատվածում Լոռու մարզկենտրոնում գրանցվում են մեծ թվով սնկային թունավորման դեպքեր: Նախորդ տարի հուլիս-օգոստոս ամիսներին գրանցվել է սնկի թունավորման 14 դեպք, այս տարի արդեն՝ 11 դեպք, որից 8-ը` վերջին 5 օրվա ընթացքում:  Ծանր կամ միջին ծանրության սնկային թունավորում ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխվածներից 7-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մեկը միջին ծանրությամբ շարունակում է մնալ հսկողության տակ: Գրեթե բոլոր դեպքերում բնակիչներն օգտագործել են իրենց հավաքած ու պատրաստած սունկը:
Վանաձորի բնակիչ Իսրայել Հախվերդյանը, որը սնկային թունավորումից բուժվում է Վանաձորի ԲԿ-ում, պատմում է, որ գլխացավեր ու մարմնի դող է ունեցել: Բժիշկներն այստեղ շտապում են հիշեցնել թունավորման ախտանիշները՝ ստամոքսային խանգարումներ, փսխում, փորլուծություն, թուլություն, գիտակցության մթագնում: Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել բուժօգնության եւ չզբաղվել ինքնաբուժությամբ: ԲԿ-ում եւս մեկ անգամ զգուշացնում են՝ հարկավոր է պատահական սնկեր օգտագործելուց զերծ մնալ՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության (ՊՀՀՏ) Լոռու մարզային փորձագիտական կենտրոնում եւս անհանգստացած են. սնկային թունավորման դեպքերը դարձել են հաճախակի: 11 թունավորվածների մեջ եղել են այնպիսիք, որ հիվանդանոց են հասել անգիտակից վիճակում: Մասնագետները հիշեցնում են, որ սունկը դժվար մարսվող սննդամթերք է: Կան թունավոր եւ պայմանական օգտագործման սնկերի տեսակներ: Կենտրոնից հայտնում են նաեւ, որ գրեթե բոլոր հիվանդներն օգտագործել են, այսպես կոչված, գետնի սունկ, բացառությամբ մեկի, որն օգտագործել է շամպինիոն տեսակի սունկ: Մնացած բոլոր 10 քաղաքացիների թունավորման պատճառր հողի սունկն է եղել: Սնկի այս տեսակը շատ վիտամիններ է պարունակում, ուղղակի ունի իր օգտագործման ճիշտ եղանակն ու տարբերակները: «Պիտի իմանալ՝ ինչ պայմաններում պահել, պետք է անմիջապես մաքրել: Սնկեր կան, որ պիտի թողնել ջրում 4-5 ժամ ու ջուրը թափել, դառնություն ունի, պետք է գնա էդ ջրի հետ: Սունկն օգտագործելուց առաջ պետք է եփել: Ինչ սունկ էլ լինի, պետք է լավ լվանալ, 10-15 րոպե եռացնել, ջուրը թափել, նորից սառը ջրի մեջ դնել, նոր օգտագործել, ինչպես ուզում են,-բացատրում է ՊՀՀՏ Լոռու մարզային փորձագիտական կենտրոնի բժիշկ, հիգիենիստ Սվետլանա Ղումաշյանը` հավելելով,-թունավորման դեպքերին նպաստում են նաեւ կլիմայական պայմանները: Անձրեւներից հետո էսպիսի արեւ… հետո նշանակություն ունի նաեւ այն, որ մեր անտառները ճանապարհներին մոտ են, մեքենաների արտանետումներից վնասակար նյութերը կուտակվում են սնկերի վրա»:
Հատկապես տարվա այս ժամանակահատվածում կարեւոր է սնկի բոլոր տեսակների նկատմամբ զգոնություն ցուցաբերելը, իսկ եթե սունկ օգտագործելն անհրաժեշտություն է, ապա մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել գոնե սառեցված սունկ, որը համարվում է ամենաանվտանգը:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս