ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ նախկինում երեխա ծնվելուց հետո տվյալ տարածքի պոլիկլինիկայի բուժքույրը հաճախ էր այցելում տուն՝ երեխային որոշակի հարցերում խնամելու համար: Իսկ հիմա կարծես չկա այդ օրենքը, եւ բուժքույրը 45 օրվա մեջ ընդամենը 1 անգամ պետք է տուն հաճախի: Ինչո՞ւ է այդպես, արդյո՞ք նախկին օրենքն այլեւս չի գործում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղամասային (պատրոնաժ) բուժքրոջ տնային այցերի հաճախականությունը կանոնակարգվում է ՀՀ առողջապահության նախարարի 28.12.2013թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում երեխաների բուժօգնության կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N3105-Ա հրամանի 5-րդ հավելվածով, համաձայն որի՝ առողջ երեխայի հսկողության շրջանակներում բուժքրոջ կողմից այցելություն տուն իրականացվում է հետեւյալ ժամկետներում.
1. երեխայի՝ ծննդատնից դուրս գրվելուց հետո՝ 1-3 օրերի ընթացքում, բժշկի հետ միասին,
2. երկու շաբաթական ժամկետում բժշկի հետ միասին,
3. երեխայի մեկ ամսական հասակում՝ առանց բժշկի:
Բուժքրոջ կողմից ինքնուրույն այցելություններ տուն՝ մինչեւ երեխայի 1 տարեկան հասակը, կատարվում են նաեւ բժշկի կողմից կազմված անհատական ժամանակացույցին համապատասխան՝ ելնելով մանկան վիճակից եւ ընտանեկան պայմանների առանձնահատկություններից:
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Մարինե Հայրապետյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած այն բանին, որ երկրի նախագահի եւ իշխող ՀՀԿ-ի ծրագրային դրույթներում կարեւոր տեղ է զբաղեցնում ծնելիության խթանումը, նրանց կողմից օրենքի այնպիսի փոփոխություններ են կատարվում, որոնք գործում են ի վնաս ծննդկանների եւ մանուկների: Ստացվում է, որ նախկինում տեղամասային բուժքույրն ավելի հաճախ էր այցելում երեխային խնամելու, քան մեր օրերում: