Ստեփանակերտը, լինելով պատերազմից չարչրկված նախկին խորհրդային շրջանի մայրաքաղաք, վայր, որը պետք է որ առավել հայտնի լիներ ցեխով և թշվառությամբ, զարմանալիորեն հարմար վայր է ապրելու համար, The New York Times-ում գրում է Էնդրյու Քրամերը։
Ողջ քաղաքում ամենուր երևում են հարուստ սփյուռքի ուշադրության և առատաձեռնության նշանները՝ սարի լանջին կառուցված նոր հիվանդանոց, քաղաք տանող ճաապարհ՝ նոր հարթ ասֆալտով…
Հեղինակը նշում է, որ չնայած դրան՝ քաղաքը դեռ իր դժվարություններն ունի՝ սկսած վեց ժամ տևողությամբ ոլորապտույտ ճանապարհից։ Շրջանը շրջապատված է Ադրբեջանով, և այս ճանապարհը միակ մատակարարման ուղին է: Օդանավակայան չի գործում:
Հեղինակի բնութագրմամբ` շրջանում փոփոխություններ են գրանցվում սփյուռքից եկող միջոցներով։ Նա նշում է, որ մեծ գումարներ են ստացվել Քըրք Քրքորյանից՝ հավելելով, որ Կալիֆորնիան և ամերիկյան ևս վեց նահանգ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, չնայած նրան, որ ոչ մի այլ երկիր դա չի արել։
Նախկին Խորհրդային միության այլ սառեցված հակամարտություններում, որոնք առնվազն վեցն են, Ռուսաստանի դերն առանցքային է։ Ռուսաստանի համար հարևան Վրաստանում, Մոլդովայում սառեցված հակամարտությունները ծառայում են անկախ կառավարությունները թուլացնելուն, ժողովրդավարությունը վարկաբեկելուն և ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ազդեցությունը թուլացնելուն, գրում է հեղինակը։
Լեռնային Ղարաբաղն այս հակամարտություններից ամենահինն է, որը տարբերվում է մնացածներից խորը էթնիկ ատելություններով և սփյուռքի աջակցությամբ, ինչը նշանակում է, որ Ղարաբաղն ամբողջապես Մոսկվայի խամաճիկը չէ,- նշում է նա։
Ըստ հեղինակի՝ ապրիլի սկզբին տեղի ունեցած մարտերի ընթացքում Ստեփանակերտի անթերի սալարկած գլխավոր հրապարակը դարձել էր երիտասարդների և մեծահասակների համար հուզմունքի մի հանգույց, որտեղ կարելի էր տեսնել մեքենա նստող զինվորների և նրանց ճանապարհ դնող պատերազմի վետերանների:
Այս քաղաքում, գրում է հոդվածագիրը, ցանկացած տղա երկու թիվ է առաջինը հիշում՝ իր տարիքը և «Կալաշնիկով» ինքնաձիգ հավաքելու և քանդելու լավագույն ժամանակը, մի հմտություն, որը դպրոցում ուսուցանում են 13 տարեկանից: Օրինակ՝ 14-ամյա Դավիթը հրացանը հավաքում է 27 վայրկյանում: Իսկ աղջիկներին առաջին օգնություն են սովորեցնում: Տղաներին և աղջիկներին նաև դասավանդում են համաքայլ քայլել և զգաստ կանգնել: Հեղինակը գրում է, որ թիվ 3 դպրոցում պատերին կախված երեխաների՝ մատիտով արված նկարները ցույց են տալիս պատերազմը, «միակ բանը, որ նրանք տեսել են՝ լեռներում տանկ, հրացաններով քայլող տղամարդիկ»….