Ռուբեն Վարդանյանը քաղաքական հավակնություններ չունի. պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ ««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի էջ է բացվել, որը կոչվում է «Ռուբեն Վարդանյան. Հայաստանի նախագահ»: Էջի հեղինակները ներկայանում են իբրեւ Վարդանյանի հետ կապ չունեցող անձինք: Ըստ նրանց՝ իրենց նպատակը հասարակական տրամադրությունները պարզելն է:

Այս էջի առնչությամբ IDeA հիմնադրամը պարզաբանում է տարածել, որն էլ ներկայացնում ենք ստորև.

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնված՝ «Рубена Варданяна в Президенты Армении» էջը որեւէ առնչություն չունի ո՛չ Ռուբեն Վարդանյանի, ո՛չ էլ IDeA հիմնադրամի հետ: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ Ռուբեն Վարդանյանը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ քաղաքական հավակնություններ չունի եւ մտադիր չէ պետական պաշտոններ զբաղեցնել, այդ թվում՝ Հայաստանում: IDeA-ի ղեկավարությունը եւս բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի զարգացմանն ուղղված մեր բոլոր ծրագրերը զերծ են քաղաքական բաղադրիչից:

Ռուբեն Վարդանյանի գործունեության վերաբերյալ հետաքրքրությունը հասկանալի է, սակայն ֆեյսբուքյան այդ էջի ստեղծումը շահարկումների տեղիք է տվել: Այն ընդամենը մի բլոգերի անձնական նախաձեռնությունն է, որը անհարկի աժիոտաժ է ստեղծում եւ խաթարում է Ռուբեն Վարդանյանի եւ IDeA հիմնադրամի բարեգործական ծրագրերի մասին պատկերացումները:

Ռուբեն Վարդանյանի եւ IDeA հիմնադրամի մյուս նվիրատուների աջակցությամբ իրականացվող բոլոր ընթացիկ ծրագրերը պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդել են, որոնք իրականացվում են նաեւ տեղական համայնքների եւ միջազգային փորձագետների ու կազմակերպությունների ներգրավվածությամբ: Մեր նպատակը Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն եւ երկարատեւ զարգացման համար պայմանների ստեղծումն է, ինչը կնպաստի երկրի՝ դեպի բարգավաճման մոդելի անցմանը, մշակութային արժեքների պահպանմանն ու հանրայնացմանը, սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը: Ծրագրերի իրականացման գործում կարեւոր է յուրաքանչյուրիս դերը, հատկապես՝ արցախյան վերջին իրադարձությունների համատեքստում»:




Լրահոս