Եվրոպական երիտասարդական ֆորումի հոբելյանական հավաքի ընթացքում ՀԵԱԽ ներկայացուցիչը կոչ արեց հարգել ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվեց Եվրոպական երիտասարդական ֆորումի անդամների խորհրդի հավաքը, որին մասնակցում էին շուրջ 100 երիտասարդական կազմակերպություններ: Հավաքին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը(ՀԵԱԽ) ներկայացնում էր ՀԵԱԽ գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը:

Հավաքի բացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական երիտասարդական ֆորումի նախագահը, ով իր խոսքում նշեց, որ 2016 թվականը ուղենիշ է Եվրոպական երիտասարդական ֆորումի համար, քանի որ նշում են Եվրոպայի երիտասարդական կազմակերպությունների միավորման և համատեղ ուժերով երիտասարդության իրավունքների համար պայքարի 20-ամյակը: Նա հավելեց, որ այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել, և այժմ երիտասարդությունն ավելի լայն հնարավորություններ ունի` կապված որակյալ կրթության և աճող շարժունակության հետ, սակայն դեռևս շարունակում է անհանգստացնել գործազրկության հիմնախնդիրը, որի լուծման համար ԵՄ-ն համապատասխան ներդրումներ պետք է կատարի:

Հավաքի ընթացքում քննարկվեցին տարատեսակ հարցեր միգրացիայի, ծայրահեղականության, անհավասարության հիմնախնդիրների վերաբերյալ:

Հավաքի շրջանակներում ՀԵԱԽ ներկայացուցիչը հանդես եկավ ելույթով, որի ընթացքում անդրադարձ կատարեց վերջերս տեղի ունեցած ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին` մասնակիցներին ներկայացնելով ադրբեջանական կողմի իրագործած վայրագությունները: Ելույթի ընթացքում ՀԵԱԽ ներկայացուցիչը կոչ արեց բոլորին հանուն խաղաղության և անվտանգության հարգել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և նրանց ինքնորոշման իրավունքը` դատապարտելով ադրբեջանական կողմի վարած քաղաքականությունը:

Հոբելյանական հանդիպման ավարտին ընդունվեցին 4 բանաձևեր` հավասարության հաստատման և խտրականության դեմ պայքարի, երիտասարդության ինքնավարության և ներգրավվածության, երիտասարդական քաղաքականության որակական ստանդարտների և Բելառուսի Հանրապետության նկատմամբ սահմանափակող միջոցառումների կիրառման մասին 2016 թ.-ի փետրվարի 15-ին ԵՄ կատարած եզրակության վերաբերյալ:

 Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ




Լրահոս