Ամեն գարուն մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող ընթացիկ աշխատանքների շրջանակում նաև կարգաբերվում են ոռոգման համակարգերը, վերացվում հնարավոր անսարքությունները: Անհրաժեշտության դեպքում նորերով են փոխարինվում խողովակաշարերի առանձին հատվածներն ու փականները: Այս ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նաև ոռոգման այն ցանցերին, որոնց հարակից տարածքում ծառատունկ է իրականացվել ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2016 թվականին: Միայն վերջին 4-5 տարներին մայրաքաղաքի ոռոգման համակարգն ընդլայնվել է շուրջ 85 կիլոմետրով:
Այդ աշխատանքները կշարունակվեն նաև այս տարի` ընդգրկելով Դեմիրճյան-Մամիկոնյանց փողոցները: Բացի այդ, Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա ճանապարհահատվածի սկզբնամասում կկառուցվի լրացուցիչ պոմպակայան, ինչի շնորհիվ Իսակովի պողոտայի հարակից կանաչ տարածքները ևս կոռոգվեն: 2015 թվականին կառուցված և իրենց արդյունավետությունն ապացուցած 4 խորքային հորերին այս տարի կգումարվեն ևս 2-ը: Այսօրվա դրությամբ մայրաքաղաքի ոռոգման համակարգն ամբողջությամբ պատրաստ է շահագործման: