Դեռեւս 2013 թվականից ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակները բարձրաձայնեցին Սարսանգի ջրամբարից օգտվելու հարցը` բողոքելով, որ սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերը զրկված են ջրից:
Արդեն 2015 թվականից այդ հարցը հայտնվեց ԵԽԽՎ-ի օրակարգում` Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրով զեկույցի տեսքով: Այն կոչ է անում հայկական իշխանություններին դադարեցնել ջրային ռեսուրսների օգտագործումը որպես քաղաքական գործիք:
Օրերս ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը հանդես եկավ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան դատապարտող հայտարարություններով:
Իսկ արդեն երեկ հույն պատգամավոր Յոաննետա Կավադիան ԵԽԽՎ-ի լիագումար նիստում ներկայացրեց ՀՀ իշխանություններին եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը դատապարտող փաստաթուղթ:
Խոսքը վերոնշյալ Սարսանգի ջրամբարի հետ կապված զեկույցի պատրաստման գործընթացի մասին է, որին, ըստ ներկայացված փաստաթղթի, հայկական կողմը չի ցանկացել մասնակցել:
Յոաննետա Կավադիայի ներկայացրած փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Վեհաժողովը խստորեն դատապարտում է հայկական պատվիրակությանը եւ ՀՀ իշխանություններին նշված թեմայով զեկույցի պատրաստման աշխատանքներում համագործակցության բացակայության համար: Վեհաժողովն այս պահվածքը համարում է անհամատեղելի անդամ պետության պարտավորությունների եւ հանձնառությունների հետ: Այնպես որ, Վեհաժողովը պետք է քննարկի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն խորհրդարանականների այս եւ նմանատիպ պահվածքի դատապարտման առումով»:
ԵԽԽՎ-ում բարձրաձայնվել է հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը:
«Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ զրուցել է ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչը հանգեցրեց Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու առաջարկության շրջանառությանը:
-Ես մի բան կարող եմ վստահ ասել, որ Եվրոպայի խորհրդում ոչ ոք հիմար չէ, որ այս պահին խոսի Հայաստանի պատվիրակության կասեցման մասին: Կարծում եմ՝ դա չի լինի: Զեկույցին անձամբ ծանոթ չեմ, բայց կարող եմ ասել, որ ընդհանրապես ամբողջ քաղաքականության կոնցեպցիան այնպիսին է, որ նման հարց չի կարող դրված լինել: Եւ մինչեւ անգամ եթե դրված լինի, ապա ԵԽ-ն հարցին ընթացք չի տա, քանի որ նրանք բանական մարդիկ են եւ հասկանում են, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման այս բուռն գործընթացում, հատկապես երբ միջազգային հանրությունը զբաղված է այդ խնդրով, ԵԽ-ն չի կարող վերցնել եւ նման անհավասարակշիռ որոշում կայացնել:
-Իսկ արդյո՞ք նման զարգացումը մեր պատվիրակության թերի աշխատանքի մասին չի խոսում:
-Ես չեմ ուզում այդպես ասել, ի վերջո, ես էլ եմ այդ պատվիրակության մեջ եղել: Չեմ կարծում, որ պատվիրակության վատ աշխատելու պատճառով ենք ստացել այն, ինչ որ ունենք: Քաղաքականությունը գլոբալ զարգացումներ է ունենում, ինչպես հենց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի ընդունումը: Այդ խնդիրը կրկին զարգացնելը ուղղակի ԵԽ-ի տենդենցիոզ մոտեցումն է Հայաստանի եւ հայ պատվիրակության նկատմամբ, ինչը ԵԽ-ին պատիվ չի բերում, դա այն ինստիտուտը չէ, որ փորձի հաշիվներ մաքրել Հայաստանի եւ հայկական պատվիրակության հետ:
Հայաստանը Սարսանգի ջրամբարի հարցը բարձրացրել է դեռ 2000-ական թվականներից՝ ուղղակի բերելով մի պարզ պատճառաբանություն՝ մինչեւ կոնֆլիկտը չկարգավորվի, հարցին անդրադառնալ պետք չէ: ԵԽ-ն իրավունք չունի կոնկրետ այս սրացման պահին միակողմանի որոշում կայացնել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի վերաբերյալ:
-Չեք կարծո՞ւմ, որ, այնուամենայնիվ, կարիք կա փոխել հայկական պատվիրակության կազմը:
-Այս պահին պատվիրակության կազմի փոփոխությամբ առանձնապես ոչ մի բան չի փոխվի, նույնիսկ սխալ կլինի այժմ փոփոխություն կատարել, քանի որ դա կնշանակի, որ մենք ԵԽ-ի հետ գործարքի մեջ ենք մտնում:
Զրուցեց Սյուզի Մուրադյանը