Ռուսաստանը հարգում է գործընկերոջը, արհամարհում` դաշնակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտության ապիրլյան սրացումը ցույց տվեց Հայաստանի հանդեպ Ռուսաստանի արտաքին քաղաքականության երկակի կեցվածքը: Տարիներ ի վեր հստակ ադրբեջանամետ դիրքորոշում դրսեւորելով` Ռուսաստանը որեւէ լուրջ բացասական արձագանք Հայաստանից չի ստացել: Այս անգամ, սակայն, համատարած ռուսահպատակությունը հարաբերականորեն սասանվեց, ինչի վկայությունն են իշխանության «փնթփնթոցները» ռուսական զենքի վաճառքի մասին: Այս ամենում առավել հատկանշական է, որ Ռուսաստանը չնահանջեց իր դիրքերից` հստակ հավասարության նշան դնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ` այդկերպ խախտելով իր դաշնակցային պարտականությունը:

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները համարվում են դաշնակցային: Սա ենթադրում է պետությունների միջեւ հարաբերությունների ամենաբարձր աստիճանը: Երկրների դաշնակցությունը նշանակում է, որ փոխադարձաբար ընդունելի են դառնում միմյանց արժեքները, շահերը եւ նպատակները:

1997թ. օգոստոսի 29-ին Մոսկվայում կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրով երկու երկրները պարտավորվել են «համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները՝ խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կամ պետությունների խմբի կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար եւ ցուցաբերել միմյանց անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրականացման կարգով»:

Այս ամենը թղթի վրա է, սակայն պետք է հասկանալ, թե գործնականում որքանով է Ռուսաստանը կատարում իր դաշնակցային պարտավորությունը, այն է` վերացնել Հայաստանի խաղաղությանը սպառնացող ադրբեջանական վտանգը եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Հայաստանը, ի դեպ, ՄԱԿ-ում Ուկրաինայի դեմ արված քվեարկությամբ լիովին կատարել է իր պարտքը` հակազդելով Ռուսաստանի դեմ ագրեսիայի արշավին: Մինչդեռ Ռուսաստանը փաստացի զենք է վաճառում մի երկրի, որի ղեկավարությունն ամեն օր խոստանում է ծնկի բերել Հայաստանին եւ վերջինիս մարդկային ու տարածքային լրջագույն կորուստներ պատճառել:

Շեշտելի է, որ Ադրբեջանը չի սահմանափակվել լոկ հայտարարությունների մակարդակով եւ դեռ 2014թ. օգոստոսից էր լուրջ ռազմական հարվածներ հասցնում անմիջականորեն Հայաստանի սահմաններին: Բացի այն, որ Ռուսաստանը անտարբեր էր իր դաշնակցին սպառնացող վտանգի հանդեպ, փաստացի այդ վտանգը հրահրել էր հենց ինքը` իր վաճառած զենքով: Այն դատարկախոսությունը, թե Ադրբեջանը կարող է զենք գնել այլ երկրներից, քննադատության չի դիմանում:

Քանզի նախ` Ադրբեջանի խնդիրն է, թե որտեղից զենք կգնի, եւ ապա` Ռուսաստանը, պարտավորվելով քայլեր ձեռնարկել Հայաստանի խաղաղությանը սպառնացող վտանգի դեմ, զենք վաճառելով` ինքնաբերաբար հարուցում է այդ վտանգը: Ցավոք սրտի, այսօր Հայաստանի իշխանությունը համարձակություն չունի Մեծ պայմանագրի 3-րդ հոդվածի խախտման փաստը ռուսների առաջ դնելու դրանից բխող չարանենգ հետեւանքներով:

Իսկ, ահա, Ադրբեջանի հետ Ռուսաստանը գտնվում է ոչ թե դաշնակցային, այլ գործընկերային հարաբերությունների մեջ: Ռուսաստանը քանիցս Ադրբեջանի հետ հարաբերությունները որակել է գործընկերային` այդ մակարդակի իջեցնելով նաեւ հայ-ռուսական հարաբերությունները: Այս դեպքում Ռուսաստանը հարկադրված է կա՛մ 1997-ի պես մի պայմանագիր Ադրբեջանի հետ կնքել, կա՛մ էլ չեղարկել Հայաստանի հետ կնքածը: Խնդիրն այն է, որ գործընկերային հարաբերությունները ոչ մի դեպքում չեն կարող նույնականացվել դաշնակցային հարաբերությունների հետ:

Միջազգային ասպարեզում գործընկեր պետությունները աշխատում են կոնկրետ ուղղությամբ եւ այն հարթության վրա, որտեղ միմյանց շահերը փոխադարձ են: Ըստ էության, եթե դաշնակիցները հանդես են գալիս միմյանց արժեքների պաշտպանությամբ, ապա գործընկերները հարգում են միմյանց շահերը միայն կոնկրետ տիրույթում:

Հավանաբար հայաստանյան արժեզրկված քաղաքական համակարգի պայմաններում իշխանությունները չեն հասկանում մի կողմից` արժեքային ներդաշնակության ու համագործակցության եւ մյուս կողմից` շահադիտական գործընկերության տարբերությունները: Թեեւ իշխանության հասնելու համար արդեն 15-20 տարի է, ինչ այլեւս խելք պետք չէ, բայց միջազգային հարաբերություններում իմաստությունն ու գիտելիքը, այդուհանդերձ, կենսական են:

Արդ, Ռուսաստանը 1997-ի պայմանագրով հստակ պատասխանատվություն է ստանձնել, բայց նրան այդ մասին հիշեցնող իշխանություն Հայաստանում գոյություն չունի: Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանի արած պնդումը, թե Ռուսաստանի նախագահի հետ խոսելը հեշտ չէ, հստակորեն դրսեւորվեց 4-օրյա պատերազմի օրերին: Իսկ Ռուսաստանի նախագահի հետ խոսելը բնավ էլ դժվար չէ, երբ թիկունքիդ կանգնած է ոչ թե օլիգարխիան, այլ ողջ ժողովուրդը:

Հայ-ռուսական հարաբերությունների անկումը եւ այս աստիճան բարոյական դեգրադացիան ուղիղ համեմատական են Հայաստանում իշխանության լեգիտիմության բացակայության խնդրին: Որքան էլ Սերժ Սարգսյանն աշխարհի տարբեր անկյուններից բողոքի Ռուսաստանի քաղաքականությունից, հանդիպելու է բացառապես ռուսների արհամարհանքին: Միջպետական հարաբերություններում հաջողության գրավականը հստակ թիրախ ընտրելն ու արհեստավարժ թիմով դրա լուծմանը հասնելն է:

Եթե Հայաստանը ցանկանում է, որ Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին կամ առնվազն նույն որակի զինատեսակներ տրամադրի նաեւ մեզ, ապա այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ են նվիրված ու խելացի մասնագետներ: Իսկ վերջիններս կարող են նշանակվել միայն այնպիսի նախագահի կողմից, որին ընտրել է ժողովուրդը: Փակ շղթա է, որի տեղապտույտում էլ դոփում ենք ավելի քան 20 տարի:

Ն. Հովսեփյան




Լրահոս