Ինչպես հանգուցալուծվեց թմրանյութի սիրահար զինծառայողի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1976 թվականի ծնված Գագիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. օգոստոսին Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող Մեհրաբ հանդամասում վայրի աճած թփերից, առանց իրացնելու նպատակի, հավաքել է 86.11 գրամ կշռով մարիխուանա տեսակի թմրամիջոց եւ այն ապօրինի պահել Այգեձոր գյուղում գտնվող իր առանձնատանը:

Այնուհետեւ 2015 թվականի հոկտեմբերին նույն զանգվածից ապօրինի իրացրել է` իր առանձնատան բակում հյուրասիրելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Արամ եւ Կարեն Ճաղարյաններին: Գագիկ Գրիգորյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր՝ խորհրդակցելով պաշտպանի հետ:

Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը, ինչպես նաեւ հաշվի է առել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, վատառողջ է. 2015 թվականին նրա մոտ ախտորոշվել են սինուսային տախիառիթմիա, նեւրասթենիա, հեմոռագիկ էնտերոկոլիտ հիվանդություններ, ընդունում է մեղքը եւ անկեղծորեն զղջում կատարած արարքի համար, բացի այդ՝ աջակցել է հանցագործության բացահայտմանն ու կամովի ներկայացրել ապօրինի ձեռք բերված թմրանյութը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Գ. Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով էլ դատապարտել ազատազրկման 3 ամիս ժամկետով: Դատարանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ նշանակված պատիժները լրիվ գումարելու սկզբունքով, նրան վերջնականապես դատապարտել ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս