Չնայած անշարժ գույքի շուկայում վերջին տարիներին արձանագրվող սահուն գնանկմանը` ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները հակառակ պատկեր են ներկայացնում: Ըստ ԱՎԾ-ի՝ ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ ՀՀ քաղաքներում բնակարանների 1 քառակուսի մետրը այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացել է:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է: Այս տարի կնքվել է 13 հազար 333 գործարք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 12 հազար 49:
Դիտարկենք, թե ՀՀ որ մարզերում ինչպիսին է եղել անշարժ գույքի շուկայի ակտիվությունը: Օրինակ` ՀՀ Վայոց Ձորի մարզում այս տարվա փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները կազմել են 2.5 տոկոս, Արագածոտնի մարզում՝ 5.4 տոկոս, Սյունիքի մարզում՝ 6 տոկոս, Տավուշում՝ 4.4 տոկոս, Գեղարքունիքում՝ 7.4 տոկոս, Կոտայքում՝ 10.1 տոկոս, իսկ Երեւանում՝ 34.9 տոկոս: Նկատենք, որ իրականացված գործարքներից 5.2 տոկոսը վերաբերել են վարձակալությանը, 29.2 տոկոսը՝ վաճառքին, 13.1 տոկոսը՝ ժառանգությանը, իսկ 11 տոկոսը՝ գրավադրմանը: Ի դեպ, նշենք, որ 2016 թվականի հունվարին կնքված գործարքների միայն 5.6 տոկոսն է վերաբերել գրավադրմանը: Այսինքն՝ այս տարվա փետրվարին գրավադրումը կրկնակի ավելացել է:
Ըստ ԱՎԾ-ի՝ Երեւանում բնակարանների շուկայական միջին գները բարձրացել են: Օրինակ՝ բնակարանների 1 քմ մակերեսի գինը Կենտրոն վարչական շրջանում կազմել է 428 հազար դրամ: Այս գինը մայրաքաղաք Երեւանում ամենաթանկն է: Կենտրոն վարչական շրջանին հաջորդում է Արաբկիրը, որտեղ բնակարանի 1 քմ-ի շուկայական գինը այս տարվա փետրվարին կազմել է 356 հազար 900 դրամ: Ամենացածր գինը Նուբարաշենում է, որտեղ այս տարվա փետրվարին բնակարանի 1 քմ-ն կազմել է 157 հազար 150 դրամ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակարանի 1 քմ-ի գինը այս տարվա փետրվարին կազմել է 243 հազար 850 դրամ: Այն այս տարվա հունվարի համեմատ 100 դրամով է բարձրացել, իսկ անցած տարվա փետրվարի համեմատ՝ 850 դրամով: Նույն իրավիճակն է նաեւ Աջափնյակ վարչական շրջանում, Դավթաշենում, Շենգավիթում, Էրեբունիում, Ավանում, Նոր Նորքում, Քանաքեռ-Զեյթունում եւ Արաբկիրում: Այստեղ եւս 1քմ-ի գինը բարձրացել է 100 դրամից մինչեւ 1500 դրամով: Ուշագրավ է, որ միայն Կենտրոն վարչական շրջանում է, որ 2016 թվականի փետրվարին գները պահպանվել են ե՛ւ այս տարվա հունվարի, ե՛ւ անցած տարվա փետրվարի համեմատ:
ՀՀ քաղաքներում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները նույնպես բարձրացել են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բնակարանի 1 քմ-ն այս տարվա փետրվարին կազմել է 116 հազար 50 դրամ: Այն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 50 դրամով է թանկացել: Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բնակարանի 1 քմ-ն այս տարվա փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1000 դրամով է բարձրացել՝ կազմելով 98 հազար 600 դրամ: Իսկ Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում, բնակարանների 1 քմ-ն այս տարվա փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 100 դրամով է թանկացել` կազմելով 154 հազար 200 դրամ:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակարանների գները պահպանվել են՝ 1 քմ-ն՝ 107 հազար 700 դրամ: Բայց նույն մարզի Գավառ քաղաքում դրանք թանկացել են. անցած տարվա փետրվարին գրանցված 60 հազար դրամից դարձել են 60 հազար 400 դրամ: Իսկ ահա Վարդենիսում բնակարանի 1 քմ-ն այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 350 դրամով է բարձրացել: Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Ախթալա եւ Տաշիր քաղաքներում դրանք նույնպես թանկացել են: Բայց նույն մարզի Շամլուղ եւ Թումանյան քաղաքներում գները պահպանվել են համապատասխանաբար 8 հազար եւ 11 հազար դրամ:
Նույն իրավիճակն է նաեւ Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում: Օրինակ՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնակարանի 1 քմ-ն 1600 դրամով թանկացել է՝ կազմելով 115 300 դրամ: Իսկ Նոյեմբերյանում թանկացումը կազմել է 450 դրամ. բնակարանի 1 քմ-ն այստեղ արժի 50 հազար 300 դրամ:
Ուշագրավ է, որ մայրաքաղաք Երեւանում բնակելի տների շուկայական գները այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մնացել են անփոփոխ: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում բնակելի տան 1 քմ-ն կազմել է 476 հազար 100 դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 295 հազար դրամ: Ի դեպ, ՀՀ մարզերում բնակելի տան 1 քմ-ի համար սահմանված գները նույնպես մնացել են անփոփոխ: Միայն Սեւանում, Վանաձորում, Ստեփանավանում, Գյումրիում, Արթիկում, Կապանում, Վայքում, Եղեգնաձորում եւ Դիլիջանում են դրանց գները բարձրացել:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Երեւանում գործող անշարժ գույքի գործակալություններից մեկի հետ, որտեղ լսելով ԱՎԾ-ի տվյալները՝ զարմացան: «Ինչի՞ հաշվին են դրանք թանկացել: Հակառակը՝ դրանք էժանացել են»,- փոխանցեցին անշարժ գույքի գործակալությունից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ