Մայիսին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դերասան-հումորիստներ Մկրտիչ Արզումանյանը եւ Հովհաննես Ազոյանը հանդես կգան նոր` «Պլյուս-մինուս» շոու-ներկայացմամբ (ռեժիսոր` Կարապետ Բալյան):
Մկրտիչը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ դրա շրջանակում անդրադարձ կկատարվի արդիական համարվող, հանրությանը հուզող քաղաքական, սոցիալական, կենցաղային եւ այլ թեմաների: «Մեր հիմնական նպատակը ժողովրդին առօրյա հոգսերից կտրելն է (դրա կարիքը, կարծում եմ, ունենք բոլորս), ապա, թեմաները շատ չծանցրացնելով, հումորով ներկայացվող խնդիրների շուրջ մտածելու տեղիք տալը»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե «Պլյուս-մինուս»-ի ընթացքում անդրադարձ կկատարվի, օրինակ, արտագաղթի, աղքատության եւ այլ կարեւոր խնդիրների, Մկրտիչը տվեց դրական պատասխան:
Մենք նաեւ հարցրինք` ինչպես նախորդ շոուների դեպքում, արդյոք այս անգամ կլինեն քաղաքական գործիչների նմանակման փորձեր. «Այո՛, կլինեն հետաքրքիր նմանակումներ, սակայն այդ առթիվ փակագծերը դեռ չեմ ուզում բացել: Կներկայացվեն ե՛ւ նախկինում սիրված նմանակումներ, ե՛ւ միանգամայն նոր փորձեր»,-տեղեկացրեց դերասանը:
Մկրտիչը նշեց, որ կցանկանար` դահլիճում լինեին քաղաքական գործիչներ, եւ ինքը տեսներ նրանց արձագանքները: Իսկ ինչ վերաբերում է հումորից զուրկ գործիչներին, թերեւս ավելի լավ կլինի նրանց չհրավիրել. «Նրանց համար դա ժամանակի կորուստ կլինի, թող իրենց հետաքրքրող գործով զբաղվեն, մենք էլ մեր գործն անենք»,-նշեց նա:
Տեղեկացնենք, որ ներկայացմանը հատուկ մասնակցություն կունենան նաեւ շոումեն, երգիչ Գրիգոր Աղախանյանը եւ դերասանուհի Էվա Խաչատրյանը. «Մենք փորձել ենք ծրագիրը հագեցնել նաեւ պարային համարներով` այն ավելի հետաքրքիր եւ դինամիկ դարձնելու նպատակով»,-հավելեց Մկրտիչը:
Նրա խոսքով` իրենք մտածում են նաեւ որոշ տեխնիկական խնդիրներ լուծելուց հետո «Պլյուս-մինուս»-ով ներկայանալ մարզերում, ապա, հնարավոր է, նաեւ արտերկրում:
Մկրտիչը, խոսելով իր եւ Հովհաննեսի դուետի մասին, կարծիք հայտնեց, որ այն շարունակական կլինի նաեւ այլ նախագծերի շրջանակում:
Աննա Բաբաջանյան