Հայաստանում 3D անիմատորների պակաս կա. Գուրգեն Պարոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործող «Սկայլայն» ստուդիան ռուսական ընկերության պատվերով վերջերս ստեղծել է «Կապույտ տրակտոր Գոշան» անիմացիոն զարգացնող մուլտֆիլմը, որը կարճ ժամանակահատվածում հասցրել է մասսայականություն վայելել. դրա վերջին սերիան Youtube-ում գրանցել է շուրջ 1.9 միլիոն դիտում: Ընկերությունն արդեն ունի հաջորդ սերիաները նկարահանելու պատվեր։ Ստուդիան, որը մեկ տարի է, ինչ սկսել է գործունեությունը, հասցրել է հաջողություններ գրանցել 2D եւ 3D անիմացիայի ոլորտում։ «Ժողովուրդ»-ը ստուդիայի տնօրեն Գուրգեն Պարոնյանի հետ զրուցել է Հայաստանում 3D անիմացիայի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների մասին:

-Հայաստանում անիմացիոն ոլորտի զարգացման համար որո՞նք են այն առաջնահերթ ռեսուրսները, որոնք պակասում են:

-3D անիմացիան հիմա Հայաստանում ճիշտ նույն վիճակում է, ինչպես IT ոլորտը` 10-12 տարի առաջ: Այսինքն` կան դաշտում գործող 10-12 փոքր ու մեծ ընկերություններ, ոլորտը նոր է թեւակոխել զարգացման փուլ: Բնականաբար, ամենածանրը մարդկային ռեսուրսի խնդիրն է. մեզ մասնագետներ են պետք: Իսկ նեղ մասնագիտական կրթություն մեզ մոտ ոչ մի տեղ չի տրվում: Ես անմիջական կապ ունեմ մեր համայնքի ներկայացուցիչների հետ եւ տեղյակ եմ, որ բոլորն էլ կանգնած են այդ խնդրի առջեւ:

Եթե մենք ունենանք տասնյակ թվով որակյալ 3D անիմատորներ, նրանք միանգամից կընդունվեն աշխատանքի: Քանի որ մասնագետների պակաս կա, բոլոր ստուդիաները ստիպված են իրենք նախապատրաստել իրենց մարդկային ռեսուրսներին. սա բարդ գործընթաց է, կարող է խլել մինչեւ երկու տարի ժամանակ:

Ի դեպ, զարգացած երկրներում այս մասնագետների աշխատավարձը ավագ ծրագրավորողների աշխատավարձից շուրջ 30 տոկոսով բարձր է: Խոսելով անհրաժեշտ ռեսուրսների մասին՝ կարող ենք նշել նաեւ տեխնիկական հագեցվածության խնդիրը. իհարկե, մեզ անհրաժեշտ են էլ ավելի հզոր հնարավորություններով համակարգիչներ, սակայն, հավատացեք, դրանք ավելի հեշտ է ձեռք բերել, քան մարդկային ներուժը: Մյուս հիմնական խնդիրն այն է, որ պրոդուկտի վաճառքով զբաղվում են ստուդիաների տնօրենները: Մենք պետք է ինչ-որ էվոլյուցիայով անցնենք, որպեսզի ի վիճակի լինենք վճարել համապատասխան մասնագետների` այդ աշխատանքը կատարելու համար:

-Տարածաշրջանի երկրների հետ համեմատած` Հայաստանում իրավիճակն ինչպիսի՞ն է:

-Միանշանակ, մենք առաջատարի դերում ենք: Ես տեսել եմ, օրինակ, պարսկական ֆիլմեր, որոնք այնքան էլ հաջողված չեն: Թուրքերն են փորձում նման ֆիլմեր նկարահանել, եվրոպացիների հետ լավ կապեր ունեն, բայց, մեկ է, համապատասխան ներուժը չունեն: Բանն այն է, որ անիմացիան արվեստի եւ տեխնոլոգիաների միջեւ գտնվող մի ոլորտ է: Հաջողության հասնելու համար բավականաչափ գիտելիքներ են անհրաժեշտ:

-Ձեր պատվիրատուները, փաստորեն, ռուսական ընկերություններ են, Ձեր ծառայություններից հասցրել են օգտվել նաեւ շվեյցարական, ֆրանսիական, ամերիկյան շուկաները: Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր, որ պատվիրատուն լինի պետությունը:

-Պետությունը պետք է փորձի ձեռքը ոլորտի զարկերակին պահել: Եթե մենք, օրինակ, բանակցենք բուհերի հետ` կրթական ծրագրեր փոխելու, դրանք մեր պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ, դրանցում տիրող բյուրոկրատական վիճակը թույլ չի տա, որ խնդիրը արագ եւ ճկուն կերպով լուծվի: Բացի այդ` մենք գործ ունենք մենթալիտետային խնդրի ածանցյալի հետ. բուհը ավարտած ուսանողները հաճախ, բացի դիպլոմից, ուրիշ բան չեն վերցնում տվյալ հաստատությունից:

Մեր ստուդիային, օրինակ, ռեժիսոր էր պետք, մեզ մոտ եկավ համապատասխան դիպլոմով երիտասարդ, որը, սակայն, ոչ մի գիտելիք չուներ: Հենց մենք այս խնդիրը հաղթահարենք, պետությունը, ուզած-չուզած, հաշվի կնստի մեր պահանջների հետ, ինչպես դա եղավ IT ոլորտի պարագայում: Ամեն դեպքում, մեր ոլորտն էլ դինամիկ կերպով զարգանում է, եւ ես կարծում եմ, որ ակնկալվող արդյունքը շուրջ 10 տարի հետո արդեն տեսանելի կլինի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս