ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահման Հուսեյնին, ով Երևանում է Եվրոպայի հանրային փոստային օպերատորների ասոցիացիայի 31-րդ լիագումար համաժողովին մասնակցելու համար:
Հանդիպման սկզբում՝ Գագիկ Բեգլարյանը ողջունելով Բիշար Աբդիրահման Հուսեյնին, կարևորեց Հայաստանի անդամակցությունը Համաշխարհային փոստային միությանը և ընդգծեց, որ այն նպաստում է մեր երկրում փոստային ծառայության զարգացմանը:
Բիշար Աբդիրահման Հուսեյնին շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար նշեց, որ Հայաստանում գտնվելու օրերին այցելել է մի շարք փոստային գրասենյակներ, «Հայփոստի» ուսումնական կենտրոն և հնարավորություն է ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի փոստային կապի ոլորտի առանձնահատկություններին։ Նա բարձր գնահատեց Հայաստանի փոստային ծառայությունների մատուցման որակը և նկատեց, որ կան բոլոր հնարավորություններն այն առավել զարգացնելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Համաշխարհային փոստային միության կողմից փոստային ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությանը: Բիշար Աբդիրահման Հուսեյնին նշեց, որ դրանք միտված են բոլոր 192 անդամ երկրների համար հավասար դաշտ ստեղծելու հնարավորությանը: Հանդիպման վերջում Գագիկ Բեգլարյանը վստահություն հայտնեց, որ «Ընդունելով մարտահրավերները» խորագրով համաժողովը փոստային ծառայությունների զարգացման և առաջընթացի կարևոր պայման կլինի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն