Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով բնակարան հատկացնել քառօրյա պատերազմի ժամանակ զոհված երեւանցի զինծառայողներ Սարգիս Խալաֆյանի ու Հրաչ Մուրադյանի ընտանիքներին, որոնք վարձով են ապրում:
«Բարեւ Երեւանի» հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Իհարկե տեղյակ եք, որ ապրիլյան պատերազմում զոհված երեւանցիներից Սարգիս Խալաֆյանի ու Հրաչ Մուրադյանի ընտանիքներն ապրում են վարձով:
Սարգիս Խալաֆյանն ունի 4 չափահաս, իսկ Հրաչ Մուրադյանը 3 անչափահաս՝ 8, 6 եւ 2 տարեկան երեխաներ:
Երեւանի ավագանու փետրվարյան նիստում հաստատել ենք Երեւանի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, որտեղ առկա է մոտ 440 բնակարան:
Վստահ եմ, որ Դուք եւս մտահոգ եք լուծել այս ընտանիքների բնակարանների խնդիրը, ավելին՝ պարտավորված եք Ձեզ զգում:
Առաջարկում ենք Երեւանի ավագանու մոտակա նիստում ներկայացնել այս ընտանիքներին բնակարան հատկացնելու մասին համապատասխան նախագիծ, որը Ձեր իրավասությունն է»: