«Ես չէի ուզում հեռանալ դիրքերից. խնդրում էի՝ զենք տան, որ շարունակեմ կռվել». վիրավորների վիճակը կայուն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում բուժվող Ադրբեջանի ապրիլյան նախահարձակ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված հիվանդների վիճակը կայուն է. այժմ նրանք ապաքինման փուլում են:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հանրապետական բժշկական կենտրոնի հիվանդանոցային բուժօգնության գծով տեղակալ Ալեն Պողոսյանը:

«Այս պահին մեր  կենտրոնում բուժում է ստանում 7 վիրավոր, որից 4-ը քաղաքացիական անձ է,  3-ը՝  զինծառայողներ: Ծանր վիճակում գտնվող հիվանդներ չունենք»,-տեղեկացրել է Ա. Պողոսյանը:

Մատաղիսի բնակիչ ԼՂՀ ՊԲ պայմանագրային զինծառայող Կամո Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ ապրիլի 2-ին ինքը  բեկորային վնասվածք է ստացել. այժմ  իր  վիճակը կայուն է:

13059771_1679605658969301_902443552_n

«Առաջին անգամ  1993 թվականին   եմ  վիրավորվել և կոնտուզիա ստացել, բայց    հաշմանդամության կարգ չունեմ: Այս պատերազմը ոչնչով չի տարբերվում մյուսից. թշնամին նույնն   է կատարել մեր հայրենիքի նկատմամբ: Փոխվել  են միայն զինատեսակները. այս անգամ ռազմագործողություններում ավելի շատ կիրառվել են ժամանակակից զինատեսակներ՝ հատկապես անօդաչու սարքեր: 18-20 տարեկան մեր առյուծասիրտ տղաներն ունեն անկոտրում  և  ուժեղ    կամք՝  առանց վարանելու ու խուճապի մատնվելու   պատրաստ  մինչև վերջ պայքարելու»,-ասել է Կ. Աբրահամյանը և ավելացրել, որ ապաքինվելուց հետո  ինքն  անպայման շարունակելու է ծառայությունը:

Կ. Աբրահամյանի խոսքով՝  իր ընտանիքն  այժմ ժամանակավորապես բնակվում է Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում, քանի որ ռմբակոծության հետևանքով իրենց տունը ևս վնասվել է:

13046245_1679605655635968_174757427_n

Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղի բնակիչ ՊԲ պայմանագրային զինծառայող Վիլի Ղազարյանը, ով ապրիլի 4-ին բեկորային վնասվածք է ստացել առաջնագծում,   նույնպես բուժում է ստանում ՀԲԿ-ում:

«Պատերազմի ժամանակ միայն մի նպատակ ունեի՝   հնարավորիս շատ թշնամի  ոչնչացնել: Մենք միասնական, կազմակերպված էինք կռվում ու եթե մեր՝  մեկս մյուսի թիկունքը պահելը չլիներ, զոհեր ավելի  շատ կունենայինք: Այս պահին բոլորս  էլ    ավելի մարտական ենք տրամադրված»,-մասնավորապես  ասել  է Վ. Ղազարյանը և հավելել, որ վիրավորված ժամանակ  իր   մարտական ընկերներն  են  առաջին օգնությունը ցուցաբերել, որից հետո  էլ տեղափոխել հիվանդանոց:

«Ես չէի ուզում հեռանալ  դիրքերից.  խնդրում էի՝   զենք  տան, որ  շարունակեմ  կռվել»,-խոստովանել  է  Վ. Ղազարյանը:




Լրահոս