Օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ ԵԽԽՎ-ում առաջարկվել է հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել եւ պատժել հայ իշխանություններին: Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ArmLur.am հետ զրույցում հերքեց այս լուրը:
«Այս պատմությունը հիշեցնում է «Կիկոսի մահը»: Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը գրում է մի ապատեղեկատվություն, որը բացարձակ իրականություն հետ կապ չունի, եւ դրա շուրջ հայաստանյան քաղաքական գործիչները սկսում են մեկնաբանություններ անել: Մենք պատվիրակության հետ միասին որոշել էինք չարձագանքել և տեսնել, թե այս զավեշտը ուր կարող է կհասնել, բայց երբ արդեն ադրբեջանական մամուլը սկսեց տարածել այդ անհեթեթությունը ՝ հայկական լրատվամիջոցներին հղում անելով, մենք պետք է արձագանքեինք:
Հորդորում եմ հայկական լրտավամիջոցներին ընթերցել Յոանետտա Կավադիայի զեկույցը կրկին, այնտեղ ընդամենը հստակ հղում է արված հունվարյան նստաշրջանում Մելիսա Մարկովիչի ընդունած զեկույցին: Այդ զեկույցում, այո, նման ձեւակերպում կար, սակայն մեր լրատվամիջոցները վերցել եւ ներկայացրել էին դա որպես այս նստաշրջանի հայտարարություն: Որեւէ նման հայտարություն չի եղել: Նմանատիպ զեկույցներում հաճախ է անդրադարձ կատարվում նախորդ նստաշրջանների զեկույցներին: Դա ԵԽԽՎ կանոնակարգն է: Խորհուրդ եմ տալիս այն քաղաքական գործիչներին, ովքեր սկսում են «Կիկոսի մահ»-ի սյուժեով ծանրակշիռ մեկնաբանություններ անել, կարդալ զեկույցը եւ եզրակացություն անել»,- եզրափակեց Զոհրաբյանը: