Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ավարտվել է ավանդական «Dubai Open» շախմատային մրցաշարը, որին Հայաստանից մասնակցում էին երեք գրոսմայստերներ` Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրեասյանը և միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը: Մրցաշարի վերջին` 9-րդ տուրում գրանցված արդյունքներից հետո «Dubai Open»-ում երկրորդ տեղն է զբաղեցրել Վլադիմիր Հակոբյանը, ով վաստակել է 7.5 միավոր:
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հակոբյանը վերջին տուրում հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Լևան Պանցուլիային և վաստակելով 7.5 միավոր 2-րդ տեղը կիսել է նույնքան միավոր իր հաշվին ունեցող Գավեյն Ջոնսի հետ: Շնորհիվ լրացուցիչ ցուցանիշների` հենց Հակոբյանի արդյունքն է եղել լավագույնը, ինչը հնարավորություն է տվել փորձառու գրոսմայստերին 2-րդ տեղը գրավել «Dubai Open»-ում: Հատկանշական է, որ ավանդական մրցաշարի անդրանիկ խաղարկության հաղթողը հենց հայ շախմատիստն է եղել:
Մրցաշարի վերջին տուրում ոչ-ոքի է ավարտել իր պարտիան Գաբրիել Սարգսյանը, ով 6.5 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը: Զավեն Անդրիասյանը ցավալի պարտություն է կրել 9-րդ տուրում և ունեցած 5.5 միավորով գրավել է 41-րդ տեղը: Միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը հաղթանակով է ավարտել մրցաշարը և ընդհանուր 5 միավորով եղել է 84-րդ տեղում: