Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ այս նիստը ապրիլի 8-ին պետք է տեղի ունենար Երեւանում, սակայն ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմով պայմանավորված միջոցառումը տեղափոխվեց Մոսկվա, քանի որ Հայաստանի ԵՏՄ «գործընկեր» երկրները չէին ցանկացել այդ լարված օրերին Երեւան գալ եւ Ադրբեջանին նեղացնել:
Նիստի վերաբերյալ տարածված հաղորդագրություններից ակնհայտ է դառնում, որ դրա ընթացքում ոչ մի կարեւոր որոշում չի կայացվել: Եւ ոչ պաշտոնական խողովակներով խոստացված խիստ ելույթի մասին էլ չիմացվեց: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նիստը պարտադրված եւ ձեւական է տեղի ունեցել, քանի որ արդեն ծրագրված է եղել: Սակայն նիստի «հմայքը» ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկն էր՝ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը գումարել մեկ ամսից՝ մայիսի 20-ին Երեւանում: Ի դեպ, մինչ այդ Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն առաջարկել էր հաջորդ նիստը գումարել աշնանը իրենց մայրաքաղաքում՝ Մինսկում: Բայց, ինչպես երեւում է, ռուսական կողմը որոշել է հայկական կողմի առջեւ ունեցած «պարտքը» մարել:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում վերջին մեկ ամսում ամբողջ թափով կադրերի «մաքրում» է ընթանում: ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեւորգի Կուտոյանը փաստացի ձեռնամուխ է եղել այս գերատեսչությունը հիմնովին փոխելու գործընթացին: Երեկ հայտնի դարձավ, որ Կուտոյանի հրամանով ՀՀ ԱԱԾ մաքսանենգության դեմ պայքարի բաժինը գործնականում կազմալուծվել է, քանի որ այդ կառույցի բոլոր աշխատակիցները, այդ թվում նաեւ բաժնի պետ, ԱԱԾ գնդապետ Սամվել Բաղդասարյանը, աշխատանքից ազատվել են: Վերջինիս անունը առկա էր նաեւ մարտի 31-ին համացանցում տարածված ձայնագրության մեջ, որում ներկայացված էր Հայաստանի մաքսային մարմիններում տարիներ շարունակ գործող կոռուպցիոն համակարգը: Ձայնագրությունում ԱԱԾ պաշտոնյան ներկայացված էր իր մականունով՝ Սեդոյ: Ի դեպ, իշխանական շրջանակներում արդեն լուրեր կան, որ ԱԱԾ-ում «մաքրումներ» իրականացնելուց հետո, Կուտոյանի թիրախում հայտնվելու են կառավարման մյուս օղակները՝ իրենց ղեկավար կազմերով: Ի դեպ, պաշտոնից հեռացվել է նաեւ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության խնդիրը: ՀՀ օրենսդրությամբ զոհված սպաների ընտանիքների համար կենսաթոշակի հստակ համակարգ է սահմանված: Սակայն նույնը չի կարելի ասել նաեւ զոհված շարքային զինվորների ընտանիքների դեպքում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրել է զոհված շարքային զինվորների ընտանիքներին վճարվող կենսաթոշակների չափերը: Պարզվում է՝ կենսաթոշակը վճարվում է միայն զոհված այն շարքային զինվորների ընտանիքներին, որոնք իրենց խնամքին ամուսին, երեխաներ կամ ծնողներ են ունեցել: Այսինքն՝ զոհված զինվորի աշխատունակ ծնողներին կենսաթոշակ չի վճարվում: Իսկ վճարվելու դեպքում էլ այդ գումարի չափը՝ ընտանիքի մեկ անդամի հաշվարկով, կազմում է 24 հազար դրամ: Համաձայնեք՝ այս հարցը հրատապ լուծման կարիք է զգում: Օր առաջ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ նախօրեին Հայկ Մարտիրոսյանը, համաձայն սեփական դիմումի, ազատվել է ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնից: Այս լուրը ուշագրավ էր մի քանի իմաստով. Հայկ Մարտիրոսյանն ընդամենը մեկ ամիս առաջ էր նշանակվել վարչապետի ավագ օգնական՝ 2016 թվականի մարտի 11-ին, ուստի անհասկանալի է, թե ինչու այդքան կարճ ժամանակ հետո որոշեց լքել պաշտոնը: Բացի այդ՝ ստացվում է, որ կա՛մ վարչապետն է առանց իր համատեղելիությունը հաշվի առնելու նշանակում կատարել, կա՛մ էլ Հայկ Մարտիրոսյանն է նույն հանգամանքն անտեսել: Նկատի ունենալով Հայկ Մարտիրոսյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու ընդգծված ազգային նկարագիրը, ինչպես նաեւ արտասահմանում ստացած լուրջ կրթությունը, թերեւս կարելի էր կանխատեսել, որ նա երկար չի դիմանա հայրենի կառավարության ներսում առկա բարքերին եւ կադրերին: Գրագետ, կրթված տեսակը պահանջարկ չունի մեր օրերում: Իսկ թե ինչը ստիպեց Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում երկար տարիներ բնակված Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտորին հրաժարականի դիմում ներկայացնել՝ «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես պարզել չհաջողվեց: Մարտիրոսյանն ասաց, թե այդ թեմայով առայժմ մեկնաբանություն չունի: Ամեն դեպքում՝ ինչ էլ որ լինի պատճառը, Մարտիրոսյանի հրաժարականը վնասում է նախ եւ առաջ վարչապետի հեղինակությանը: Նման կադրերին պետք է փայփայել եւ հրապարակ տրամադրել, ոչ թե անլրջորեն աշխատանքի ընդունել, իսկ դիմում ստանալուն պես ազատել աշխատանքից:
ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ
Երեկ Երեւանում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն. Ազատության հրապարակից մինչեւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն տեղի ունեցավ բողոքի հզոր, բազմամարդ երթ, որի մասնակիցները ոչ միայն հանդես եկան ՌԴ-ի հասցեին ուղղված կոշտ քննադատությամբ, այլեւ անգամ ձվեր նետեցին Հայաստանում ՌԴ դեսպանատան ուղղությամբ: Իսկ աննախադեպն այն էր, որ երեկվա երթի ընթացքում հայ ոստիկաններն առանձնապես չէին փորձում իրենց կրծքով պաշտպանել Ռուսաստանի դրոշը կամ բռնանալով ակցիայի մասնակիցների նկատմամբ` խոչընդոտել երթի ընթացքը: Մի բան, որը գրեթե միշտ եղել է ՌԴ դեսպանատան առաջ կազմակերպված անգամ ամենասակավամարդ ակցիաների ընթացքում: Եթե ընդդեմ Ռուսաստանի քաղաքական ակցիաների` անցած 25 տարիների պատմությունը դիտարկենք (Երմյակովի հետ կապված Գյումրիի ակցիաները չհաշված. դրանք քաղաքական չէին), ապա պետք է արձանագրենք, որ վերջին անգամ, երբ Հայաստանում հակառուսական բողոքի հայտարարություններ հնչեցին` 2013թ. դեկտեմբերի 2-ին, դրանց հեղինակներն անմիջապես բերման ենթարկվեցին ոստիկանություն, իսկ անձամբ Վ. Պուտինին քննադատած Շանթ Հարությունյանը, առհասարակ, հայտնվեց ճաղերի հետեւում` դատապարտվելով 6 տարվա ազատազրկման:
Բնականաբար, ոստիկանների երեկվա գերհանդուրժող կեցվածքը ուներ կոնկրետ պատճառ` քաղաքական հրահանգի տեսքով: Սակայն, ամեն դեպքում, Լեւոն Տեր-Պետրոսյանի որակած «ջղաձգվողները» երեկ ցույց տվեցին, որ հատկապես ապրիլի 1-ից հետո ՀՀ-ում ջղաձգված են բոլորը, բացի, թերեւս, օրվա իշխանություններից եւ նրանց հետ վերստին համագործակցելու պատրաստակամություն հայտնած «անջղաձիգ» ընդդիմությունից` ՀԱԿ-ի առաջնորդի ղեկավարությամբ: Սակայն արդյոք երեկվա բողոքի ակցիան կարող է ՌԴ իշխանություններին համակել Հայաստանի ներսում հակառուսական տրամադրությունների խորացման` նվազագույն իսկ մտահոգությամբ, եթե ՀՀ գործող իշխանությունն ու նոմինալ ընդդիմությունը շարունակում են մնալ ռուսական սապոգի ինքնամոռաց նվիրյալները, եթե նույն օրը Մոսկվա «կանչված» Հովիկ Աբրահամյանը ժպիտներ է փոխանակում իր պաշտոնակցի հետ, ով օրեր առաջ Երեւանից Բաքու շտապեց` հայ զինվորներին սպանած եւ խոշտանգած Ալիեւին փոխանցելու «Պուտինի ջերմագին ողջույնները»:
Հավանաբար Մոսկվայում կմտածեն, որ երեկվա բողոքի ակցիան իշխանական հրահանգով կազմակերպված դրսեւորում էր, եւ նաեւ սրա վրա կփորձեն խաղալ ՀՀ իշխանությունները: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ երեկվա ակցիային սրտով ու մտքով մասնակցում էր ՀՀ բնակչության գերակշիռ մասը, եւ Հայաստանում հետզհետե արմատավորվող հակառուսական տրամադրությունները այլեւս դուրս են որեւէ հրահանգի կամ հակահրահանգի շրջանակներից: Սա շատ լուրջ խնդիր է, որով պիտի մտահոգվեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի իշխանությունները, առաջինները` վերանայելու համար իրենց քաղաքականությունը դաշնակից պետության հետ, իսկ ՀՀ իշխանությունները` վերանայելու դաշնակիցներին: